Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քուվեյթում

Ապրիլի 23-ին Քուվեյթի Ս. Վարդանանց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ  հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու  ոգեկոչման միջոցառումը:

Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում ներկայացվեց գեղարվեստական հայտագիր, համայնքի երիտասարդական կառույցները կատարեցին ազգային-ազատագրական երգեր, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների  կաթողիկոսական փոխանորդ գերապատիվ  Տ. Մասիս ծայրագույն վարդապետ Զոփույանը, իր խոսքում անդրադառնալով ապրիլքսանչորսյան խորհրդին, պատգամեց միավորել համայն հայության  ջանքերն  ու նոր ավյուն հաղորդել  Ցեղասպանության միջազգային ճանաչման նվիրական պայքարին:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` ընդգծելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգված և միասնական ուժերով կազմակերպելու, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և կանխարգելման ուղղությամբ աշխատանքները բազմապատկելու կարևորությունը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up