Աշակերտական ծաղկեմատոյց Նոր Ջուղայի՝ Հայոց ցեղասպանութեան յուշարձանին

 Նոր Ջուղայի  Հայոց Ազգային  կրթահամալիրի մանկապարտէզ-նախակրթարանի եւ «Արմէն» երկսեռ տարրական դպրոցների   աշակերտ-աշակերտուհիները ապրիլի 22-ի  առաւօտեան, ուղեկցութեամբ տնօրէնութիւնների, ուսուցչական կազմերի ու  ծնողական խորհուրդների, կրթահամալիրից հերթաբար,  բռունցքները վեր բարձրացրած  եւ  Ցեղասպանութիւնը դատապարտող, ճանաչում եւ հատուցում  պահանջող կարգախօսներ վանկարկելով ու ծաղկեպսակներով,  քայլեցին դէպի Ս.Ամենափրկիչ վանք, ուր  Մեծ եղեռնի յուշարձանի մօտ, յանուն Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախումբի, նրանց  ողջունեց Սօսէ Պօղոսեանը, ապա  ծաղկեպսակ  զետեղեցին Եղեռնի յուշարձանին, որից յետոյ տեղի ունեցան աշակերտական ելոյթներ:

 Մանկապարտէզ–նախակրթարանի սաները կատարեցին խմբերգեր, իսկ տարրական բաժնի աշակերտութեան ծրագիրը ընդգրկում էր հայերէն, պարսկերէն եւ անգլերէն լեզուներով աշակերտական խօսք, մեներգ եւ բանաստեղծական կտորների կատարումներ, որոնք ընդմիջւում էին խմբական՝ հայերէն եւ պարսկերէն լոզունգներով: Գեղարւեստական ծրագրից յետոյ ունկնդրեցին Սպահանի Հայոց թեմի   առաջնորդ՝ Տ. Բաբգէն եպիսկոպոս Չարեանի պատգամը եւ  աղօթեցին ապրիլեան Եղեռնի զոհերի հոգիների խաղաղութեան համար:  Վերջում  կարգապահ շարքերով մօտեցան յուշարձանին եւ մէկական ծաղիկ դրեցին յուշարձանին:  Նշելի է, որ տարրական բաժնի աշակերտները ծաղկեմատոյցին մասնակցել էին  եռագոյն թեւկապներով, որոնք ընդգրկում էին «Պայքար», «Պահանջում», «Ճանաչում», «Հատուցոււմ» եւ «Մեր հողերը»   կարգախօսներ:

Յատկանշական է, որ աշակերտական ելոթները եւ նոյն խանդավառութեամբ ու ոգեւորւածութեամբ ու բռունցքները վեր բարձրացրած  լոզունգներ արձակելով  վերադարձը կրթահամալիր գրաւեց  վանքում գտնւող զբոսաշրջիկների ու  կրթահամալիրից վանք ձգւող ուղու անցորդների  ուշադրութիւնը:

Ուղեցոյց-միջնակարգ բաժինների աշակերտական  ծաղկեմատոյցը տեղի կունենայ ապրիլի 23-ին:

 Երանուշ Թահմազեան

Իրան (ՆորՋուղա)

Լուսանկարները՝ հեղինակի

20140422_104052                      20140422_105707

20140422_123443                            20140422_124610

Scroll Up