Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողութիւնները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/images-3.jpg)
Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախօսազրոյց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի հետ` Քեսաբի եւ շրջակայ բնակավայրերի բռնազաւթման առնչութեամբ, որի հետեւանքով տարհանուել է քաղաքացիական բնակչութիւնը, մեծաւ մասամբ հայ ընտանիքներ, աւերուել եւ հրկիզուել են տներ, պղծուել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգութիւնն է արտայայտել կատարուածի առնչութեամբ եւ դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչութեան նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողութիւնները, որոնք աջակցութիւն են ստացել Թուրքիայի կողմից: Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զօրակցութիւնն է յայտնել Արամ Ա Կաթողիկոսին:
Քեսաբում ստեղծուած կացութեան վերաբերեալ Նորին Սրբութիւնը հեռախօսազրոյց է ունեցել նաեւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանի հետ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հրաւիրուած խորհրդակցութեան ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփիւռ իր թեմական կառոյցներով շարունակելու է իր աջակցութիւնը սիրիահայութեանը` աղօթելով, որ խաղաղութիւնը վերահաստատուի Սիրիայի աստուածասէր ժողովրդի կեանքում, եւ տեղահանուած ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները: