Հայրենիքը տուն է, իսկ արտերկիրը` հիւրանոց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/03/hpBT5WGhemfomf4P01D6KQPmSa.jpg)
Հայրենադարձուած իւրաքանչիւր հայ, հայկական ընտանիք իւրովի ամրացնում է մեր տան հիմքերը…Սա է հայրենասիրութիւնը, որ դեռ վաղ հասակից ամուր խարիսխ է գցել Բաղդատեան եղբայրների հոգում, ու երազների հայրենիքը` Հայաստանը, տարիներ անց դադարել է տեսիլք լինել, դարձել է Անի եւ Մանուէլ Բաղդատեանների որդիների` Տիրան եւ Պիեր Բաղդատեանների վերջնական հանգրուանը:
Հայրենիքը տուն է. սրանք հայրենադարձուած երիտասարդ գործարար, լիբանանահայ Տիրան Բաղդատեանի խօսքերն են: Հէնց նրա հետ է ամսաթերթի թղթակցի հարցազրոյցը «հայրենադարձութիւնէ խորագրի ներքոյ, որն էլ սիրով ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:
-Պարո՛ն Բաղդատեան, ե՞րբ էք հայրենադարձուել:
-2005 թուականին եկայ Հայաստան: Հայրենիքիս նկատմամբ ունեցած զգացումներս, հայկական դաստիարակութիւնս ինձ միշտ մտորել են տուել Հայաստանի մասին, եւ երազել եմ իմ բոյնը հիւսել Հայրենիքում: Հայրենադարձուել եմ եղբօրս` Պիերի եւ մայրիկիս` Անիի հետ. Հայրս մահացաւ 1993 թուականին: Հայրենիքը տուն է, իսկ արտերկիրը` հիւրանոց, ժամանակաւոր կացարան, որը մի օր պիտի թողնես: Ճիշտ է, ծնուել, մեծացել ենք Լիբանանում, սովորել ենք արտասահմանում, սակայն հայրենիք սէրը հզօր է ամէն ինչից. մենք գիտէինք, որ մի օր պիտի գանք Հայաստան: 10 հոգով վերադարձանք, 10 հայ էլ աւելացաւ Հայաստանում:
-Առաջին անգամ ե՞րբ էք եղել Հայաստանում եւ ի՞նչ տպաւորութիւններով էք մեկնել:
-Առաջին անգամ եկել է եղբայրս, 1993-ին եկել եմ ես: Եկանք, երբ Հայրենիքը մէջքը չէր շտկել երկրաշարժի ծանրութիւնից, Երբ Արցախեան գոյամարտը չէր հանգուցալուծուել, երբ քաղաքում, երկրում մութ էր, ցուրտ եւ տխուր եւ մենք հասկացայ նք, որ սա է մեր երկիրը եւ մեր երկիրը մենք պիտի կառուցենք:
Սկզբում փաթեթաւորման գործ ձեռնարկեցինք, որն այնքան էլ արձագանք չգտաւ Հայաստանում: Յետագայում ձեռնարկեցինք շոկոլադի գործը, հիմնեցինք շոկոլադի գործարան Աշտարակում: Անցեալ տարի բացել ենք շոկոլադի խանութ-սրահ Տէրեան փողոցում: Խանութը կոչւում է «գուրմե-դուրմէէ: Գուրմէ նշանակում է ախորժաբոյր, իսկ դուրմեն հայերէն բառ է եւ նշանակում է շոկոլադ:
-Երբեւէ չէ՞ք զղջացել վերադարձի համար:
-Ցանկացած երկրում, քաղաքում, ընտանիքում առաջանում են խնդիրներ, հիասթափութիւններ, ինչու չէ…երբեմն զղջում ես զայրացած պահերիդ, բայց երբ խաղաղւում ես, անցնում է ամէն բան:
-Սփիւռքի նախարարութիւնն ի՞նչ դերակատարում, մասնակցութիւն է ունեցել ձեր վերադարձի հարցում:
-Մենք աւելի վաղ ենք եկել Հայաստան. Առաջին անգամ` 1993-ին, յետոյ` 2005-ին: Այսինքն` Սփիւռքի նախարարութիւնը դեռ չէր կազմաւորուել: Մենք լաւ բարեկամներ ենք Սփիւռքի նախարարութեան հետ. Նրանք ընդունում են մեր առաջարկները, քննարկում են, ընթացք տալիս: Սփիւռքի նախարարութիւնը մեզ չի անտեսում, չի մոռանում: Տիկին Հրանոյշ Յակոբեանը շատ լաւ ծրագրեր է ձեռնարկում, որոնք շատ հայերի կ’օգնեն հայրենադարձուել, իրենց բախտը, ճակատագիրը մէկընդմիշտ կապել Հայրենիքի հետ:
-Քաջալերու՞մ էք, որ ուրիշները եւս հայրենադարձուեն, հաստատուեն Հայաստանում:
-Ի հարկէ, դա իմ ամենօրեայ խօսակցութեան թեման է:
Ամէն պահ ես կարող եմ տեղափոխուել ուրիշ երկիր, դրսում աշխատել, սակայն ինձ համար կարեւորը այստեղ աշխատելն է ու այստեղ ապրելը: Նունը մշտապէս ասում եմ դրսում բնակուող իմ ընկերներին, ծանօթներին, բարեկամներին: