Կայացաւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/zWSQ7S9PuSzKqsRqYYUhVumNM6_tn.jpg)
Դեկտեմբերի 28-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում կայացաւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ սփիւռքի նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանոյշ Յակոբեանը:
Նիստի ընթացքում քննարկուեցին «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի 2011թ. ծրագրերը եւ բիւջէն: ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուերով «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի 2011թ ծրագրում ընդգրկուած 12 ծրագրերի շարքում կարեւոր տեղ էն զբաղեցնում երիտասարդական ծրագրերը: Նախարարը նշեց, որ ՀՀ Նախագահը յանձնարարել է, որպէսզի 2011թ. սփիւռքի նախարարը մեծ տեղ յատկացնի երիտասարդական ծրագրերին: Այդ պատճառով էլ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը 2011 թուականը յայտարարել է երիտասարդութեան տարի, որի շրջանակներում «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամին պետական բիւջէի կողմից յատկացուած միջոցների` ծրագրերին յատկացուած գումարները նախատեսուած էն յատկապէս երիտասարդական ծրագրերին: Հ.Յակոբեանը մասնաւորապէս նշեց, որ կազմակերպուելու է երիտասարդ լրագրողների դպրոց, Սփիւռքի եւ Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդէս, երիտասարդ գրողների ստեղծագործութիւնների տպագրութիւն, ինչպէս նաեւ երիտասարդ կինոգործիչների միջազգային փառատօն: Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի ռազմավարական ծրագրերը եւ բիւջէն:
Խորհրդը միաձայն որոշեց նաեւ յանձնարարել աուդիտի ենթարկել «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի 2010թ գործունէութիւնը եւ ընտրեց աուդիտ իրականացնող իրաւաբանական անձին:
Նախարար Հ.Յակոբեանը շնորհաւորեց ներկաներին գալիք Նոր տարուայ եւ Սուրբ Ծննդեան կապակցութեամբ` մաղթելով նոր յաղթանակներ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան համար յոբելեանական տարում: