Օտար Երկրի ՄԷջ Դպրոցը Կը Դառնայ Փոքրիկ Հայրենիք, Հայապահպանութեան Օճախ. Հրանոյշ Յակոբեան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/naxarar2.jpg)
«Հայերն այսօր»-ը կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔԸ
Սփիւռքի հայկական դպրոցներուն` Գիտելիքի օրուան առթիւ.
Ջերմօրէն շնորհաւորում եմ Սփիւռքի հայկական դպրոցների բոլոր սաների, ուսուցիչների, տնօրէնների, կրթական գործի կազմակերպիչների նոր ուսումնական տարուայ մեկնարկը, գիտելիքի, գրի եւ դպրութեան օրը, որը Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշւում է սեպտեմբերի 1-ին:
Սփիւռքում հայկական դպրոցի ուսումնական տարին կրկնակի տօն է, քանի որ հայ երեխան, աշակերտը սկսում են իրենց մայրենի լեզուն, հայոց պատմութիւնն ու մշակոյթը սովորելու անկիւնաքարային գործընթացը, այստեղ են նրանք հաղորդակից դառնում ազգային աւանդական արժէքներին, հաղորդակցւում իրենց հայրենակիցների հետ եւ իրենց նուիրեալ ուսուցիչներից հայրենասիրութեան դասեր առնում: Հայ դպրոցն է հայ սերունդներին ներշնչում ազգային պատկանելութեան եւ ազգային հպարտութեան զգացումը, սերմանում ինքնութեան գիտակցութեան առաջին սերմերը, հաղորդում եւ սերնդեսերունդ փոխանցում գեղեցիկը, բարին ու արդարութիւնը խորութեամբ ընկալելու, ազնիւ ու արժանավայել գործերով ինքնութիւն հաստատելու հային բնորոշ յատկանիշները, հայի որակները: Այս է պատճառը, որ օտար երկրում դպրոցը դառնում է հայութեան փոքրիկ հայրենիքը, հայապահպանութեան օճախը, հայի ոգու ու հոգու կենտրոնը:
Հայկական կրթօճախների գործունէութիւնը` որպէս ազգաշէն կառոյցներ, հպարտութեան զգացում է առաջացնում մեզանից իւրաքանչիւրի մօտ, յոյս պարգեւում, հաւատ ներշնչում:
Հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի յարգարժա՛ն պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալութիւնը եւ ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել էք օտար հողում հայապահպանութեան ամենամեծ կռուանի` դպրոցի համար մեծագործութիւններ կատարել, իրողութիւն դարձնել «Հայ դպրոց» ծրագիրը` գործունէութեան առանցք ընտրելով «Լեզուն մեր ինքնութեան պահապանն է, մեր միասնութեան հիմքը, մեր ինքնապաշտպանութեան կարեւոր վահանը» ճշմարտութիւնը:
Սիրելի՛ աշակերտներ, գիտելիքահենք հասարակութեան մէջ դուք պէտք է դառնաք լաւագոյն մասնագէտներ, լինէք լաւ մարդ, լաւ հայ` բարձր պահելով հայի ու հայ ժողովրդի պատիւը, ձեր Հայաստան-հայրենիքի վարկանիշը:
Այսօր մենք պէտք է համախումբ լինենք մէկ գաղափարի` Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան շուրջ եւ հայրենաշէն գործունէութեամբ պատասխանենք մեր առջեւ ծառացած մարտահրաւէրների համար: Միշտ պէտք է յիշենք մեր համազգային առաջնահերթութիւնները.
- Հայաստանի Հանրապետութեան առաւել զօրացում եւ ապահովութիւն,
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային իրաւունքի հիման վրայ արդարացի լուծում,
- Սփիւռքի առաւել կազմակերպուածութիւն,
- ազգային ինքնութեան պահպանմանը եւ աշխարհասփիւռ հայութեան ներուժի համախմբում,
- Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչում, դատապարտում եւ հետեւանքների վերացում,
- հայ եկեղեցու շուրջ հայութեան համախմբում,
- արտակարգ իրավիճակներում յայտնուած հայերին օգնութիւն ու աջակցութիւն:
Ահա սրանց լուծմանն է նուիրուելու բարձր ու որակեալ կրթութեան ստացած նոր սերունդը:
Հայաստանի զօրութիւնը Սփիւռքի զօրութիւնն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփիւռքով:
Փա՛ռք հային ու հայ դպրոցին` Հայաստանում եւ աշխարհի բոլոր ծայրերում:
Շնորհաւոր նոր ուսումնական տարին: