Հոլիվուդի Ամերիկեան Հանրային Դպրոցում Նշուեց Եղեռնի Տարելիցը

Ապրիլեան այս օրերին, Հոլիվուդի Հայ կենտրոնում, Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած Հայ Դատի յանձնախմբի ձեռնարկի ժամանակ, Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի բարձր դասարանցիների «Ստաջիանա» ռոք խումբը կատարեց մի երգ, որտեղ «շնորհակալ» բառը կրկնւում էր այն իմաստով, որ մեր ազգը գնահատում է, որ գոյատեւում է, կանգուն է, կենսունակ է եւ տոկուն:

Այս նոյն նշանաբանով էր, որ Ապրիլի 22ին, Հոլիվուդի Լիթլ Արմէնիա թաղամասի ոչ հայկական, այլ ամերիկեան հանրակրթական «Գրան»չ տարրական դպրոցում, մշակութային մէկ այլ ձեռնարկի ժամանակ զրնգաց հայ երգն ու պարը, հնչեց հայկական յուզիչ մեղեդի՝ ջութակահար Միքայէլ Նազլիկեանի կատարմամբ, լսուեց հայոց լեզուի «կարկաչը դարաւոր»՝ ըստ հայ մեծ գրող Սիլվա Կապուտիկեանի «Խօսք Իմ Որդուն» բանաստեղծութեան, որ կատարեցին հայերէնի եւ անգլերէնի ուսուցչուհի Գայիանէ Ռոստոմեանի չորրորդ դասարանի հայ եւ այլազգի աշակերտները: Մանկապարտէզի սաներն էլ հայկական «Ծաղկեփունջ» պարը կատարելուց յետոյ, հայոց այբուբենի տառերը բարձր բռնած, հպարտօրէն քայլեցին հրապարակով: Դպրոցի առաջին եւ երրորդ դասարանների աշակերտները ներկայացրին Յովհաննէս Թումանեանի «Բզէզի Դպրոցը» բանաստեղծութեան հիման վրայ առաջին դասարանի ուսուցչուհի Ծովինար Նազլիկեանի բեմադրած երաժշտական ներկայացումը: Իսկ վեցերորդ դասարանցիները՝ ուսուցիչներ Մարիա Մագդեսեանի, Ռուզան Բատմանովայի եւ միջոցառման կազմակերպիչ Արմինէ Առաքէլեանի ղեկավարութեամբ ներկայացրին հայոց պատմութեան կարեւոր իրադարձութիւնները, արդի քաղաքական իրավիճակը եւ աւարտեցին աշակերտների ելոյթը հայ երգ ու պարով:

Աւանդոյթ դարձած այս միջոցառումը միշտ էլ քաջալերուել է դպրոցի ղեկավարութեան եւ յատկապէս դպրոցի տնօրէն դոկտոր Իկեանիի կողմից:

Ապրիլեան այս օրերին, երբ ողջ հայ ժողովուրդը կրկին իր արդար պահանջատիրական ձայնն է լսելի դարձնում ողջ աշխարհին, «Գրանթ» դպրոցի հայ ուսուցիչների եւ ծնողների ջանքերով կազմակերպուած մշակոյթի այս գեղեցիկ միջոցառումը ոչ միայն ծառայեց հայրենիքից հեռու ապրող մեր տաղանդաւոր ազգի մատաղ սերնդի հայեցիութեան պահպանմանը, այլ նաեւ դարձաւ այլ ազգերին մեր պատմութեանն ու մշակոյթին ծանօթացնելու պայծառ դրսեւորում:

Այս մասին կը յայտնէ Ասպարէզ:

Scroll Up