Նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձը Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առիթով

Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի կապակցութեամբ:
Այսօր առանձնայատուկ` յոբելեանական օր է: Լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած պատմական յաղթանակի 70-րդ տարեդարձը: Խորհրդային բազմազգ բանակի խորտակիչ հարուածն էր, որ 1945 թուականի մայիսին Եւրոպայում վճռեց պատերազմի ելքը:
Ե՛ւ առաջին գծում, ե՛ւ պարտիզանական ջոկատներում, ե՛ւ ընդյատակում, ե՛ւ դիմադրական շարժումների մէջ հայորդիներն իրենց աւանդն են բերել նացիստական ուժերին վերջնականապէս ջախջախելու գործում: Մենք եղել ենք արդարութեան, ազատութեան ու մարդասիրութեան խրամատում՝ ընդդէմ հակամարդկային գաղափարախօսութեան, բռնութեան ու բարբարոսութեան: Հերոսաբար կռուելով ամենատարբեր ճակատներում, գիշեր ու զօր աշխատելով թիկունքում, մենք պաշտպանել ենք նաեւ մեր հայրենիքը` Հայաստանը:
Այս յաղթանակը ցեղասպանութիւնից փրկուած մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, վերաշինութեան, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական եւ լայն հնարաւորութիւններ:
Խորհրդանշական զուգադիպութեամբ 1992 թուականի մայիսեան նոյն օրը ազատագրուեց հայոց հինաւուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Իրենց հայրերի ու պապերի օրինակով դաստիարակուած մերօրեայ հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` յայտնուելով նոյն` արդարութեան, ազատութեան ու մարդասիրութեան խրամատում՝ ընդդէմ հայատեացութեան, բռնութեան ու բարբարոսութեան:
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս այս մեծ տօնի առթիւ: Խաղաղութիւն աշխարհին եւ խաղաղութիւն մեր երկրին: