Արամ Ա. Մեր նահատակներու արիւնը հայերու յաղթանակի գրաւականն է

Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի խօսքը Հայոց ցեղասպանութեան նահատակներու սրբադասման արարողութեան ժամանակ:
«Հայ եկեղեցին այս պարզ, սակայն խորիմաստ բառերով բնութագրում է սրբերին որպէս Սուրբ հոգու զօրութեամբ լցուած, չարը յաղթող ու քրիստոնէական ճշմարտութիւնների յաւերժացման համար իրենց անձերը ընծայաբերող վկաներ:
Այսպէս են եղել սրբերը եկեղեցիների համայնքային կեանքի մէջ: Սրբերը մեր կեանքը աստուածային ճշմարտութիւններով պայծառակերպող, մեր առջեւ երկնային դռներ բացող եւ մեզ դէպի քրիստոսակենտրոն «ճանապարհ, ճշմարտութիւն ու կեանք» առաջնորդող աստուածազգաց անձեր են:
Սրբերը աստուածային սրբութեան ճառագայթներն են մեր կեանքի ապականութեան դիմաց: Երկնային լոյսի ցոլքերն են մեր կեանքի խաւարի դիմաց, երկրից երկինք բարձրացնող կամուրջ են մեզ երկնքից հեռացնող հոսանքների դիմաց:
Սրբերը հոգով հզօրացած մեր կեանքի չարերի եւ չարիքների դիմաց շարականի բառերով «ամրութեան վահան են ընդդէմ անօրէն թշնամիների»:
Իրենց սրբակենցաղ կեանքով սրբերը մեզ մղում են երկնքից երկրի վրայ ապրելու համար: Բեթղէհէմի ճառագայթող արժէքներով շաղախելով մեր կեանքը, դաւանելով մեր կեանքի ճշմարիտ ճանապարհը, եւ Քրիստոսի Աւետարանը որպէս միակ ճշմարտութիւն աշխարհին հրամցուած բոլոր տեսակի «ճշմարտութիւնների» դիմաց:
Իրենց հաւատքի վկայութեան եւ արեան նահատակութեան, եւ որպէս միջնորդներ ու բարեխօսներ Քրիստոսի մօտ սրբերը մեզ հրաւիրում են իրագործելու մեր աստուածատուր կոչումը այս երկրի վրայ որպէս Աստծոյ Որդու դեսպաններ:
Առանց սրբերի սրբացնող ներկայութեան աննպատակ է մեր կեանքը: Առանց սրբերի ոգեշնչող զօրութեան աղքատ է մեր կեանքը: Այսպէս են եղել սրբերը մեր եկեղեցիների կեանքի մէջ: Նայեցէք մեր պատմութիւնը:
Մեր սրբերը լոկ ժողովական որոշումով եւ կանոնական գործընթացով չեն սրբացուել: Մեր սրբերը իրենց սրբակենցաղ կեանքով մեր ժողովրդի կեանքի մէջ եւ մեր ժողովրդի կողմից են սուրբ նկատուել, ապա միայն եկեղեցական իշխանութեան կողմից: Մեր սրբերը սոսկ ծէս եւ պատկեր չեն եղել, պատմութիւն եւ յիշատակ չեն դարձել: Իրենց հաւատքի վկայութեամբ մեր սրբերը գոյութենական եւ ներզօր ներկայութիւն են դարձել իւրաքանչիւր հայի համար:
Նոյնն է նաեւ Հայոց ցեղասպանութեան զոհ դարձած մէկուկէս միլիոն նահատակների դէպքում: Հարիւր տարի շարունակ մեր նահատակները սրբացնող, հզօրացնող ու կենսաւորող ներուժ են դարձել իւրաքանչիւր հայի եւ ողջ հայութեան համար: Իրենց արեան վկայութեամբ մեր հաւատքը ամրապնդուել է, գերագոյն արժէքների եւ վեհ երազների համար, ապրելու ու պայքարելու մեր կամքը ուժեղացել է: Հող եւ ունեցուածք կորցրած, եւ որբ ու գաղթական դարձած մեր ժողովրդին գոյատեւելու եւ իրաւունքներին վերատիրանալու յոյսը արդիական են պահել:
Այս պահին իր բիւրաւոր նահատակների արիւնով սեփական կեանքը թրծած եւ սրբերի աղօթքներով իր առաքելութիւնը կենսաւորած մեր եկեղեցին սուրբ է հռչակում իրենց անձերը զոհաբերած Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն նահատակներին:
Սուրբ եկեղեցի, ուրախ եղիր, որովհետեւ քո սրբերի երկար շղթային գալիս են միանալու մեր հոգեւոր արժէքների եւ ազգային գաղափարների յաւերժացման համար իրենց անձերը որպէս կենդանի պատարագ մատուցած մեր մէկուկէս միլիոն նահատակները: Ուրախ եղիր, հայոց ժողովուրդ, որովհետեւ Արեւմտեան Հայաստանի եւ Կիլիկիայի քաղաքներում եւ գիւղերում եւ Տէր-Զօրի աւազներում ցեղասպան թուրքի եաթաղանի զոհ գնացած սիրելի զաւակներդ այսօր միանում են սրբերին: Ու միշտ յիշիր, հայոց ժողովուրդ, որ մեր նահատակները սուրբ հոգով զօրացան, յաղթել են «չարի պատերազմին», որպէսզի մենք իրենք` իրենց զաւակները յաղթենք նոր ժամանակների «չարի պատերազմին»:
Մեր նահատակները «իմացեալ մահով» են մահացել, որպէսզի մենք հաւատքի կեանքով ապրենք, գործենք ու ստեղծագործենք:
Մեր նահատակները մեր ազգի գերագոյն գաղափարների համար են իրենց արիւնը թափել, որպէսզի մենք նոյն տեսիլքով ու յանձնառութեամբ պայքարենք:
Հարիւր տարի, հայ ժողովուրդ, յիշել ես քո նահատակներին ու հաւատարիմ մնացել նրանց նուիրական ժառանգութեանը, պատիւ ու յարգանք է միշտ յիշիր սրբացած նահատակներիդ, որովհետեւ նրանց արիւնը պիտի դառնայ քո զօրութիւնը եւ յաղթանակիդ երաշխիքը:
Միշտ յիշիր նահատակներիդ եւ միաժամանակ յիշեցրու աշխարհին, որ նրանք անցեալին չեն պատկանում, սոսկ պատմութիւն եւ յիշատակ չեն, այլ ապրում են իւրաքանչիւր հայի կեանքի մէջ: Մեր նահատակները ապրում են մեր կեանքում, որպէս անլռելի զանգակատուն ի նշան մեր բռնաբարուած արդար իրաւունքների ձեռքբերման եւ մեծ պայքարի մղող: Մեր նահատակները ապրում են մեր կեանքում որպէս կամքի դարբնոց, մեր պահանջատիրական կամքը ներկայացնող: Մեր նահատակները ապրում են մեր կեանքում որպէս լուսատու աղբիւր, մեր քրիստոնէական լոյս ամրապնդող:
Հայ եկեղեցու սրբեր, այս պահին աշխարհացրիւ հայութիւնը վերականգնում է իր ուխտը` հաւատարիմ մնալու ձեր սրբազան կտակին եւ հաւատքին ու հայրենիքի համար պայքարելու ու նոյնիսկ արիւն թափելու ձեր յանձնառութեանը: Ինչպէս ասում էր Սուրբ Ներսէս Շնորհալի հայրապետը «Ով պանծալի նահատակներ, երկնային հօր սիրելիներ որ Քրիստոսի հետ մկրտուեցիք ձեր արիւնով, խաչի մահը յանձն առնելով: Տիրոջ մօտ բարեխօսէք եկեղեցու զաւակների համար»:
Եղէք պահապան ու պաշտպան «Քրիստոսի վկաներ ու նահատակներ», մեր ազգին ու հայրենիքին: