Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պետական Էրմիտաժի տնօրէն Միխայիլ Պիոտրովսկուն

Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրէն, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկուն:

Հանդիպման ընթացքում Նորին Սրբութիւնն Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները բերեց տիար Պիոտրովսկուն: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութիւն յայտնեց Մայր Աթոռի թանգարանների եւ Պետական Էրմիտաժի միջեւ ձեւաւորուած սերտ համագործակցութեան համար` մասնաւորապէս գնահատանք յայտնելով Էրմիտաժի տնօրէնին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժէքների վերականգնման եւ պահպանման գործում Մայր Աթոռին ցուցաբերուող մեծ աջակցութեան եւ մասնագիտական խորհրդատուութեան համար:

Այնուհետեւ Տիար Միխայիլ Պիոտրովսկին Նորին Սրբութեանը ներկայացրեց առաջիկայում Էրմիտաժում Մայր Աթոռի թանգարանների հետ համատեղ կազմակերպուելիք Հայ Եկեղեցու եկեղեցական վարագոյրների եւ խոյրերի ցուցահանդէսի նախապատրաստական աշխատանքները:

Զրոյցի ընթացքին անդրադարձ կատարուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարեւոր դերակատարութեանը հայ հոգեւոր սրբազան արժէքների հաւաքագրման ու պահպանութեան գործում, ինչպէս նաեւ թանգարանային ցուցադրութիւնների ընդլայնման հեռանկարներին:

Հանդիպումից յետոյ Գարեգին Բ Վեհափառն ու տիար Պիոտրովսկին այցելեցին «Ռուբեն Սեւակ» նորաբաց թանգարան, ինչպէս նաեւ «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարան:

Scroll Up