Վատիկանում ԱՄՆ նախկին դեսպան. Թուրքիայի կառավարությունը ճնշում է Օբամային

Քաղաքական առաջնորդները դժվար թե Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասեն՝ վախենալով Թուրքիայի կողմից հակառակ մեղադրանքներից: Այս մասին ըստ NEWS.am-ի՝  գրել է Բոստոնի նախկին քաղաքապետ եւ Վատիկանում ԱՄՆ նախկին դեսպան Ռեյմոնդ Ֆլինը:

«Թուրքիայի կառավարությունը, որը տարիներ շարունակ գլխավորել են հիմնականում զինվորականները, բազմիցս է հերքել մարդկության դեմ իրականացրած հանցագործությունը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մեկնաբանություններից անմիջապես հետո թուրքական կառավարությունը դրամատիկ քայլ ձեռնարկել եւ հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Թուրքիայի կառավարությունը ճնշում է գործադրում նախագահ Օբամայի վրա՝ ստիպելով թուրքերի կողմից հայերի դեմ իրականացրած վայրագությունների քննարկումների ժամանակ չօգտագործել «ցեղասպանություն» բառը»,- նշել է Ֆլինը:

Նրա խսոքով, Ամերիկայի բազմաթիվ հայեր պարզապես ներողություն են ակնկալում թուրքական կառավարության կողմից. «Երբ ինձ հարցրեցին Վատիկանում արարողության նշանակության մասին, ես ասացի. «Հույս ունեմ՝ ամերիկյան լրագրողները 2016 թվականի նախագահության թեկնածու հանրապետականներին եւ դեմոկրատներին հարց կուղղեն. «Կարծո՞ւմ եք, արդյոք, որ 100 տարի առաջ հայ քրիստոնյաների դեմ իրագործված վայրագությունները ցեղասպանություն են, մարդկության դեմ հանցագործություն: Համաձա՞յն եք Պապի, հայ կաթողիկոսի եւ միլիոնավոր ամերիկացիների հետ»:

Ֆլինը կարծում է, որ Հռոմի Պապի ուղերձը, իհարկե, դիվանագիտական կոնֆլիկ կառաջացնի թուրքական կառավարության հետ, բայց ոչ թուրք քաղաքացիների: «Մենք Բոստոնում բազմաթիվ թուրքերի եւ հայերի ենք ճանաչում: Նրանք արժանավոր, ազնիվ եւ աշխատասեր մարդիկ են, որոնք հավատում են արդարության եւ մարդու իրավունքների արժեքներին: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս. մեր քաղաքական առաջնորդնե՞րն են այդքան անզգա, թե՞ մենք ինքներս»,- ամփոփել է հոդվածի հեղինակը:

Scroll Up