Թուրքիայի խորհրդարանի հայտարարությունը՝ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին
Թուրքիայի ազգային մեծ ժողովն ընդհանուր հայտարարությամբ քննադատել է Եվրախորհրդարանի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, գրում է Artsakhpress-ը:
Թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բացի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված մյուս երեք կուսակցությունները՝ «Արդարություն և զարգացում», «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները, ԹԱՄԺ նախագահ Ջեմիլ Չիչեքի գլխավորությամբ, վերոնշյալ բանաձևի վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել, որը քննադատում է ԵԽ-ի սույն որոշումը։
«Բանաձևն ատելություն և թշնամություն է տարածում։ Որոշումը կայացնելիս խորհրդարանականներն ընտրողական, միակողմանի մոտեցում են ցուցաբերել։ Անատոլիայում շատերն են ցավեր տեսել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Խորհրդարանները չպետք է այսպիսի հարցեր քննարկեն, դրանով պետք է զբաղվեն պատմաբաններն ու միջազգային դատարաններ։
Մարդկության պարտքն է հայերի զրկանքներն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության մյուս ազգերի պես հարգելը, սակայն մեզ համար անընդունելի է, երբ հարցը միջազգային հարթակներում քաղաքականացնելու փորձ է արվում», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։