Քարտեզագրվել են Արեւմտյան Հայաստանի նահանգները

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի առաջարկով «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը հրապարալել է թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ:
Քարտեզների շնորհանդեսի ժամանակ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետ Մարտին Սարգսյանը շեշտեց, որ այն պատմաքարտեզագրական մտքի մեծ ձեռքբերումն է եւ ունի քաղաքական նշանակություն:
«Հայագիտության զինանոցը հարստացավ նոր արժեքավոր քարտեզներով, որոնք նորովի ու հաջողված, գիտական բարձր մակարդակով կատարված, հայագիտական լայն տեղեկատվությամբ օժտված նյութեր են: Յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ, որոնք կարելի է անվանել հայ քարտեզագրական եւ աշխարհագրական մտքի նվաճում», -ասաց Սարգսյանը: Հայոց ցեղասպանությունը փաստերով ներկայացվում է Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Վանի, Սեբաստիայի, Կարսի, Ադանայի քարտեզներում:
Քարտեզներում ներկայացված են ինքնապաշտպանության կետրոնները, հայ բռնագաղթյալների մահվան ուղիները, զանգվածային կոտորածների վայրերը, ճամբարները, Ցեղասպանության հետեւանքով ավերված վանքերը, եկեղեցիները, բերդերը: