Ուրուգվայի խորհրդարանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հատուկ նիստ է հրավիրել
Ուրուգվայի պատգամավորների պալատը ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հատուկ նիստ է հրավիրել։ Բոլոր խորհրդարանական կուսակցությունները հիշել են մարդկության դեմ գործած այս հանցագործությունը եւ հաստատել են իրենց երկրի կամքը՝ պայքարել անպատժելիության դեմ, գրում է NEWS.am-ը:
Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia-ն, պատգամավորներ Սուսաննա Պերեյրան, Խորխե Գեքջյանը, Գիլյերմո Ֆասելյոն, Դանիել Ռադիոն, Էդուարդո Ռուբիոն, Խոսե Լուիս Սաթջյանը, Կոնրադո Ռոդրիգեսը եւ Անտոնիո Զուլամյանը հանդես են եկել Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտների եւ Ուրուգվայում հայ համայնքի ունեցած ներդրումների մասին ելույթներով։ Ինչպես նաեւ անդրադարձել են հայ ազգի ներկային եւ ապագային վերաբերող հարցերին։
Հիշատակելով Հոլոքոստի ժխտման դեմ պայքարը՝ Գիլյերմո Ֆասելյոն դատապարտել է Թուրքիայի դիրքորոշումը՝ նշելով, որ Շվեյցարիան Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել, իսկ Ֆրանսիան քննարկում է այդ օրենքը։ «Սակայն որոշ երկրներ արգելում են օգտագործել ցեղասպանություն բառը»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Անկարայի կողմից պատմության աղավաղման եւ խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները։
Դանիել Ռադիոն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը հայ սփյուռքին խնդրել էր Ցեղասպանության ապացույցներ ներկայացնել։ «Հայ ազգը շապիկներով քարոզարշավ տանելու կարիք չունի, քանի որ հիշելու համար նա ունի Ուրուգվայի խորհրդարանը։ Մենք դա անում ենք առանց մեղքի զգացողության, առանց կոմպլեքսների եւ տատանումների, քանի որ գիտենք, որ այսօր մեզ համերաշխություն հայտնողների ձեռքերը նավթի մեջ թաթախված չեն»,- նշել է պատգամավորը։