Էրդողան. «Ես վշտացած եմ Հռոմի պապի խոսքերից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանն անդրադարձել է վատիկանյան պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո 1-ին պապի ունեցած ելույթին, որի ժամանակ Պապն ասել էր. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի նկատմամբ է իրականացվել»:
Ինչպես հայտնում են թուրքական իշխանական լրատվամիջոցները («Sabah», «Yeni akit», «Anadolu»), գրում է ermenihaber.am-ը, նախագահական պալատում «Թուրքիայի արտահանողների խորհրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վերոնշյալի կապակցությամբ ասել է.
«Ես պետք է ասեմ, որ շատ վշտացած եմ պապի խոսքերից: Երբ նա Անկարա էր եկել, ես, ի դեմս նրա, բոլորովին այլ քաղաքական գործչի էի տեսնում: Տեսեք` չեմ ասում կրոնական գործիչ, ասում եմ` քաղաքական գործիչ: Ինչևէ, մենք թույլ չենք տա, որ պատմական իրադարձություններն աղավաղվեն և վերածվեն մեր դեմ ուղղված քարոզարշավի: Ճիշտ է, հայերի կրած նեղությունների մասին գիտենք և ցավում ենք: Բայց օսմանցիների զավակներն էլ են սպանվել, նահատակվել»:
Այնուհետև Էրդողանը կրկին հնչեցրել է արխիվները բացելու և հարցը պատմաբանների քննարկամնը թողնելու պաշտոնական Անկարայի կոչերը` շեշտելով. «Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանն էլ թող այդպես անի, բայց չի անում: Ես դատապարտում եմ Պապի այդ հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ երբ թուրքական իշխանություններն իրենց դժգոհությունն էին հայտնել Վատիկանին և այնտեղից հետ կանչել իրենց դեսպանին, Ֆրանցիսկոս 1-ին պապը նոր պատարագի ընթացքում պատասխանել է այդ բողոքներին: Նախօրեին պապը Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ բոլոր իր հետևորդներին կոչ էր արել միշտ ասել ճշմարտությունը և չվախենալ դրա համար:
«Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ», – ասել էր Հռոմի պապը: