Հռոմի պապն իրերն իրենց անուններով կոչեց. Պաոլո Քեշիշօղլու

Հայկական ծագում ունեցող հումորիստ և հեռուստահաղորդավար Պաոլո Քեշիշօղլուն իտալական «Ադնկրոնոս» պարբերականում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի խոսքերին և Անկարայի արձագանքին՝ նշելով, որ շատ երջանիկ են, որ «Պապն իրերն իրենց անուններով կոչեց»։ Այս մասին գրում է Tert.am-ը
«Ես դիվանագետ չեմ, սակայն կասեմ, որ կիրակի օրը մի անհավանական բան տեղի ունեցավ, պատմական բեկումնային շրջադարձ, իսկապես մի կարևոր իրադարձություն: Անմիջապես մտածեցի պապիկիս մասին, որը նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել, որ նմանատիպ իրադարձություն կարող էր երբևէ տեղի ունենալ: Բոլորս շատ երջանիկ ենք, որ Պապն իրերն իրենց անուններով կոչեց: Ոչ ոք չի ցանկանում օգտագործել այն ինչ պատահեց, այնուամենայնիվ թուրքերի պատասխանն ինձ բնավ չզարմացրեց»:
«Պապի խոսքերը ունկնդրելն արտասովոր էր, իսկապես աննախադեպ, – շարունակում է Քեշիշօղլուն, – հատկապես այն, թե ինչքան հստակ և հանգիստ խոսեց Ֆրանցիսկոս Պապն արարողության ընթացքում, որը շատ գեղեցիկ էր. այն բառերը, որ օգտագործեց շատ կարևոր էին, տպավորիչ… բոլորս հուզված էինք»:
«Բոլորս պետք է անմիջական ձևով հայտնենք թե՛ մի կողմին, թե՛ մյուս` նկատի ունենալով թուրքերին և հայերին,- ասում է հեռուստահաղորդավարը,- որ երկու կողմերն էլ չպետք է քաղաքականացնեն դեպքերը: Թուրքերի արձագանքն ինձ չի զարմացնում, դեռ ավելին, ինձ հաճելիորեն կզարմացներ հակառակ արձագանքը»:
«Կարծում եմ, որ չափազանց կարևոր է խոսել տեղի ունեցած փաստերի մասին, պատկերացնում եմ, որ եթե օրինակ դա աներ նաև Օզպետեկը, սա կլիներ մի շատ կարևոր իրադարձություն: Պետք է հավատանք նրան ինչ ճիշտ է: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգն իր ելույթում. «Երկչոտությունը հարցնում է՝ ապահո՞վ է: Հնարավորությունը հարցնում է՝ հարմա՞ր է: Սնափառությունը հարցնում է՝ հայտնի՞ է: Բայց գիտակցությունը հարցնում է՝ ճի՞շտ է: Վաղ թե ուշ գալիս է պահ, երբ պետք է գալ մի դիրքորոշման, որը ո՛չ ապահով է, ո՛չ հարմար, ո′չ հայտնի, այլ ճիշտ»: – Ահա եկել է այդ պահը, – եզրափակում է Քեշիշօղլուն: