Արթուրը բարոյականություն էր քաղաքականության մեջ
Ապրիլի 14-ը Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է: 23 տարի առաջ այս օրը Արթուրը միացավ այն անմահներին, ովքեր կոչված են հավիտյանս ապրելու ժողովրդի հիշողության մեջ և դառնալու մեծագույն հպարտություն՝ ներկա ու գալիք սերունդների համար, գրում է aparaj.am-ը:
Այսօր Արթուր Մկրտչյանի գերեզմանին ծաղիկներ խոնարհեցին նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատներն ու բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել ճանաչելու Արթուր Մկրտչյան անձին ու քաղաքական գործչին:
Ներկա էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ Աժ պատգամավորներ, պաշտոնատար անձինք:
«Արթուր Մկրտչյանը քաղաքականության մեջ բարոյականություն էր: Ես, որպես խորհրդական աշխատելով նրա հետ, տեսա, թե ինչպես է նա մեծ արագությամբ ընկալում այն մարտահրավերները, որոնք արդեն ծեծում էին մեր դուռը: Արթուրի եղերական մահը շատ բան փոխեց, քանզի եթե դա տեղի չունենար,ապա վստահ եմ՝այլ գործընթացներ տեղի կունենային մեր երկրում…» – մեզ հետ զրույցում նշեց Ա.Աղաբեկյանը:
«Արթուր Մկրտչյանը մեր Արցախյան շարժման խիղճն էր: Նա մաքուր էր այնպես, ինչպես մեր ժողովրդի շարժումը»,- շեշտեց ՀՅԴ անդամ Ռիտա Մնացականյանը:
Իսկ ՀՅԴ ԿԿ անդամ, Ա. Մկրտչյանի գաղափարական ընկեր Լևոն Հայրյանն ասաց. «Նա հանճարեղ ու պայծառ դեմք էր մեր իրականության մեջ: Իր հանճարեղության ու պայծառության մեջ հասարակ, բայց միաժամանակ ՝մեծ և հզոր: Ես նրան հաճախ համեմատում եմ Արամ Մանուկյանի հետ, որովհետև նրանք երկուսն էլ պետության հիմնադիրներ էին, մեկը՝Հայաստանի Հանրապետության, մյուսը՝ Արցախի… Եթե Արթուրն ապրեր, մեր տնտեսական ու քաղաքական կյանքը, համոզված եմ, միանգամայն այլ մակարդակի վրա կլիներ»: