Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր արածների համար.Ալեսանդրո Չամպի
Իտալական «Rai Storia» հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել` նվիրված Հայոց ցեղասպանությանը, հաղորդում է Արցախպրեսը:
«100 վայրկյան…հետ» խորագիրը կրող հաղորդման մեջքաղաքական գիտությունների պատմության ուսուցիչ Ալեսանդրո Չամպին պատմում է հայկական կոտորածների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ինչպես նաև այդ երկրի` Եվրոպական միությանն անդամակցության խնդրի մասին:
«Հայերի ցեղասպանության ողբերգական պատմության մեջ ցնցողը ոչ միայն զոհերի մեծ թիվն է` մոտ 2 մլն, այլև Թուրքիայի համառությունը, որով այդ երկիրը մինչև օրս չի ցանկանում լսել այդ մասին, ճանաչել այն»,- նշում է հաղորդավարը և հավելում, որ նույնիսկ այսօր Հայոց ցեղասպանության մասին խոսելը Թուրքիայում հանցագործություն է համարվում` ոտնձգություն ազգային միասնության դեմ:
Շատ գրողներ և մտավորականներ են դրա համար հալածվել ու բանտարկվել Թուրքիայում, իսկ ոմանք` աքսորվել: Այդ մարդկանցից է նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Նշվում է, որ Ֆրանսիայում այսօր ցանկանում են առաջադրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանակին հստակ խոսել է այս ողբերգության մասին` հարուցելով թուրքական դիվանագիտության վրդովմունքը:
Հեղինակի խոսքով, Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական մեծ կարևորություն ունի Թուրքիայի համար նաև այն տեսանկյունից, որ այդ երկիրը ցանկանում է միանալ եվրոպական համայնքին: «Հիշենք, որ Եվրոպական միությունը ստեղծվել է անցյալի տոտալիտար ռեժիմները մշակման ենթարկելու միջոցով: Յուրաքանչյուր եվրոպական երկիր` սկսած Գերմանիայից, ստանձնել է հրեաների կոտորածների ժամանակ իր արածների պատասխանատվությունը: Նախկին կոմունիստական պետությունները, որ միացել են ԵՄ-ին, ևս հաղթահարել են Խորհրդային Միության ամբողջատիրական հակումները՝ ամեն մեկն իր վրա վերցնելով իր արարքների պատասխանատվությունը: Եթե Եվրոպան պատրաստվում է ընդունել Թուրքիային, այն պետք է պարտադրի վերջինիս պատասխանատվություն կրել միջազգային հանրության առջև»,- ընդգծել է Ալեսանդրո Չամպին: