«Թուրքիայից պահանջում ենք Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում». Վատիկանում հայտարարեց Արամ Առաջինը

Ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի առթիվ անցկացվող պատարագի ավարտին իր ելույթում Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը նշեց. «Հայոց ցեղասպանությունն անմոռանալի և անժխտելի պատմական փաստ է, որը խոր արմատներ է թողել ոչ միայն ժամանակակից պատմության, այլեւ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ: Հետեւաբար, այն պատմությունից և մեր ընդհանուր հիշողությունից ջնջելու ցանկացած փորձ դատապարտված է:

Իրականում, 1915թ­ին 1.5 մլն հայ դարձան Օսմանյան կայսրության կողմից կանխամտածված և սիստեմատիկ կերպով իրականացված ցեղասպանության զոհ: Մենք ոչ միայն կորցրեցինք 1.5 մլն հայ, այլեւ հազարավոր վանքեր, եկեղեցիներ, մշակութային ընկերային ու հոգևոր մեծ արժեք ներկայացնող հաստատություններ, որոնք կործանվեցին, կորսվեցին եւ խլվեցին»:

Նա փաստեց՝ դրանք դեռ խլված են մնում, և դրանց թվում է նաեւ Սիսում Կիլիկիայի հայկական կաթողիկոսությունը: «Մենք չենք կարող մոռանալ 20­-րդ դարի առաջին ցեղասպանությունը, մարդկության դեմ կատարված այդ հանցագործությունը: Ըստ միջազգային իրավունքի՝ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, և դրա դատապարտումը, ճանաչումն ու հատուցումը խիստ փոխկապակցված են»,­-շեշտեց Արամ Ա­-ն:

Նա ընդգծեց՝ Հայ դատն արդարության դատ է, իսկ բոլորը գիտեն՝ արդարությունը մարդը չի իրականացնում, այլ Աստված: Հետևաբար՝արդարության դեմ գործած հանցանքը Աստծո դեմ գործած մեղք է:

«Հայոց ցեղասպանության մեր նահատակներն այսօր մեզ մարտահրավեր են նետում՝ վերահաստատելու մեր նվիրվածությունը մարդկությանը, մարդկային արժանապատվությանն ու մարդու իրավունքներին»,­-ավելացրեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:

Դիմելով կաթոլիկ եկեղեցու առաջնորդին՝ նա հիշեցրեց՝ 1915թ.­ին Հռոմի Բենեդիկտոս 15-­րդ պապը խստագույն մի նամակով դիմել էր Օսմանյան իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել հայերի ջարդը: Հետագա տարիներին և տասնամյակներին հայ ժողովուրդը չմոռացավ Հռոմի եկեղեցու շարունակական օժանդակությունը, մտահոգությունն ու համերաշխությունը հայ ժողովրդի նկատմամբ:

Արամ Ա-­ն իր երախտագիտությունը հայտնեց կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցի առթիվ անցկացված պատարագի համար՝ ընդգծելով դրա կարևորությունը:

«Ցեղասպանության սուրբ նահատակների արյունն ավիշ դարձավ Հայոց եկեղեցու ու ժողովրդի գոյության համար՝ մեզ տալով հավատքի ու հայրենիքի համար ապրելու, գործելու ու պայքարելու, նաև՝ իմացյալ մահով նահատակվելու քաջությունը: Այսօր, այս արարողության մեջ մենք հոգեպես լիցքավորվում ենք մեր նահատակների հավատքով ու սրբազան կտակով»,­-ասաց Վեհափառը:

Արամ Ա-­ն փաստեց, որ կաթոլիկ եկեղեցին, սրբազան քահանայապետի գլխավորությամբ, եկեղեցու վարդապետ հռչակեց հայ ժողովրդի մեծագույն սրբերից ու աստվածաբաններից Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Արդարացիորեն, նա եզրակի աստվածաբան է մեր եկեղեցու և, ընդհանրապես, ողջ աշխարհի եկեղեցիների կյանքում: Շատ աստվածաբաններ խոսել են Աստծո մասին, սակայն նա խոսեց Աստծո հետ՝ ստեղծելով մարդու ու Աստծո երկխոսությունը իր «Մատյանը», որը դարձավ և մնաց որպես հայ ժողովրդի երկրորդ Աստվածաշունչ»:

Scroll Up