Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնը նշեց կազմավորման 20-ամյակը

Պավլոդարի մարզի «Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնը 2015 թ. ապրիլի 4-ին նշում էր իր կազմավորման 20-ամյակը։ Հանդիսությանը մասնակցում էին Ղա­զախ­ստա­նում Հայաստանի դեսպանության 2-րդ քարտուղար Մհեր Բադալյանը, «Նաիրի» միության կազ­մում ընդգրկված հայկական մշակութային 7 կենտրոնների ղեկավարները, Ղազախս­տա­նի ժողովրդի ասամբլեայի, քաղաքի և մարզի տեղական ինքնակա­ռա­վարման մարմին­նե­րի և ազգային փոքրամասնությունների համայնքային կառույցների ներկայացու­ցիչներ։

Հանդիսությունը սկսվեց Բարեկամության տանը կազմակերպված Կլոր սեղանով, որի ժամանակ քննարկվեցին Ղազախստանի Հանրապետությունում հայկական ազգամշակութային միավորումների զարգացման հեռանկարները, ինչպես նաև համայնքային կառույցի գործունեությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես նշվեց, որ իր ողջ գործունեության ընթացքում «Հայրենիքը»  ձգտել է օգտակար լինել մեր հայրենակիցներին՝ մի կողմից՝ նպաստելով, որ նրանք դառնան Ղազախստանի օրինապաշտ քաղաքացի, մյուս կողմից՝ հավատարիմ մնան սեփական արմատներին, պահպանեն իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը։

Հանդիսությունը շարունակվեց Պավլոդարի «Դոստըկ» (Բարեկամություն) համերգային դահլիճում, որտեղ հոբելյանական երեկոյի շրջանակներում կազմակերպվել էր նաև դեկորատիվ կիրառական արվեստի նմուշների և գրականության ցուցադրություն:

Համերգից առաջ դրվատանքի խոսք ասաց Պավլոդարի փոխմարզպետ Նուրժան Աշիմբետովը։ Նա նշեց, որ «Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնը եղել է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի ձևավորման ակունքներում և հաջողված բազմաթիվ նախագծերի կազմակերպիչ է: Հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ։ ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար Մհեր Բադալյանը ընթերցեց Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի և ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի ողջերթի նամակները։

Բարեմաղթանքի խոսքեր ասացին նաև ՂՀ տարբեր մարզերից ժամանած հայկական ազգամշակութային կենտրոնների նախագահները: Կատարվեց նաև պարգևների հանձման արարողություն։

«Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Էլմիրա Առաքելյանին հանձնվեցին ՀՀ սփյուռքի նախարարության և Պավլոդարի Մարզպետի պատվոգրերը, «Մարզին մատուցած ծառայությունների» համար նշանին արժանացավ հայկական մշակութային կենտրոնի վարչության անդամ Գնել Հակոբյանը:

Երեկոն ավարտվեց տոնական համերգով:

Պավլւդար2Պավլւդար4 Պավլւդար5Պավլւդար6 Պավլւդար7Պավլոդար Պավլւդար1Պավլւդար9 Պավլւդար10

Scroll Up