Վերընձյուղված գերդաստանի շառավիղը` Լիլիթ Դավթյան (տեսանյութ)

Ապրիլի 8-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր 15-ամյա Լիլիթ Դավթյանի մենահամերգը` դաշնակահարուհի Անի Բրուտյանի նվագակցությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Մոցարտի, Հենդելի, Ռախմանինովի, Կյուիի, Լիստի, Սահարունու, Կոմիտաս վարդապետի ևայլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Խոստումնալից աղջնակի հոգեթով կատարումները ցնցեցին և հիացրին հանդիսատեսին:

Լիլիթ Դավթյանը երկու կարմիր վկայականներով և «Լավագույն աշակերտ» մեդալով ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, սովորել է վոկալի ուսուցչուհի, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արմինե Մկրտչյանի դասարանում և դաշնամուրի դասեր ստացել պրոֆեսոր Գայանե Մարգարյանի դասարանում:

Այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաբնույթ միջոցառումներին ավելացավ ևս մեկը` Լիլիթ Դավթյանի մենահամերգը: Լիլիթը  մեծ ակնածանքով իր մենահամերգը նվիրեց Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապերի և այն միլիոնուկես անմեղ նահատակների հիշատակին, որոնք մնացին անշիրիմ:

Համերգն ուներ խորհրդանշական իմաստ. Լիլիթը շառավիղն է Հայոց ցեղասպանությունից վերապրած Դավթյանների գերդաստանի, որոնք, մազապուրծ կտրելով Սիրիայի անապատները, հանգրվանել էին հյուրընկալ Հալեպում: Հայրենիքի կանչով 1947 թվականին նրանք հայրենադարձվցին Հայաստան:

Լիլիթի փայլուն մենահամերգը մի յուրատեսակ ուղերձ է, որ հայ ժողովուրդն ապրում է    և կհարատևի իր տաղանդավոր զավակների շնորհիվ:

Scroll Up