ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն

Հուլիսի 1-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի
մեկնարկին:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:

Իր ողջույնի խոսքում կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության,  որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց,  ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը,  ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:

«Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի, որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական դպրոցի նվաճումները». – ասաց արտգործնախարարը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը, կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին՝ ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում բավականին շոշափելի արդյունքների է հասել, և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։

2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։ Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Scroll Up