Ապրիլյան ցավ. թուրք հոդվածագրի անդրադարձը հայերի կոտորածներին

Թուրքական «Միլլիյեթ» թերթի հոդվածագիր Մեհվեշ Էվինն իր հոդվածում անդրադարձել է «1915-ի դեպքերին» և կոչ է արել Թուրքիայի ներկայիս վիճակի, վախի ու թշնամանքի մթնոլորտի պատճառները փնտրել անցյալում։

Հոդվածը tert.am-ը ներկայացնում է մասնակի կրճատումներով.

«Բռնություն, դաժանություն, գրաքննություն, մահ, ատելություն, բացարձակ իշխանություն պարտադրված այս հողերում ինքներս մեզ հարցնում ենք. «ինչո՞ւ» և խոր հոռետեսության ենք մատնվում…

Ինչո՞ւ այս երկիրը ոչ մի կերպ հանգիստ չի գտնում, ինչո՞ւ ենք միմյանց դեմ թշնամանում, ինչո՞ւ ժողովրդավարական կենսակերպ չենք ունենում։

Առօրյա իրադարձություններին նայելիս հարցի պատասխանն ակնհայտ է դառնում։ Հանրության տարբեր կողմերը բևեռացվում են, սոցիալական մեդիայից մինչև փողոցներ, փաստաբաններից մինչև լրագրողներ վախի են մատնվում,  ուսուցիչները ստորացվում են, կանայք՝ սպանվում, երեխաներն անգամ թիրախ են դառնում, փոքրամասնություններն ատելության թիրախի են վերածվում, և նման միջավայրում խաղաղությունը, հանգստությունն ու ազատությունը, ցավոք, մեզնից դեռ շատ են հեռու։

Միայն այսօրվան նայելը բավական չէ։ Պատմության մոտ ժամանակահատվածին դեռ չառերեսված, չքննարկված այնքան դեպք, այնքան ցավ կա, որ պատասխանն անցյալում փնտրելուց պետք է սկսենք։

Հայկական ջարդերի 100-ամյակի կապակցությամբ «#Պատմություն» ամսագրի այս ամսվա համարի շապիկին մեծ տառերով գրված է. «Եղել է 1915, չի եղել 2015»։

100-ամյա ողբերգության ու ժխտման քաղաքականությունն ուսումնասիրած ամսագիրը խորհուրդ կտամ կարդալ։ Ամսագրի խմբագիր Գյուրսել Գյոնջուն խմբագրականում գրել է. «Սա ցեղասպանություն չէ։ Ավելին է, քան Ցեղասպանությունը։ Սա պատմությունից, աշխարհագրությունից ջնջելու փորձ է։  Սա պարզապես գործողություն չէ, մեր պապերի մասնակցությամբ խմբակային Լինչի դատաստանի դեպք է»։

Այս մարդկային ողբերգությունը 1915-ին չի սկսվել, ոչ էլ ավարտվել է այդ թվականին։

«#Պատմություն» ամսագրում 1915-ի պատմական ֆոնն ուսումնասիրած Ահմեթ Քույաշը գրել է. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սկսված «տեղահանության» ժամանակ հայերից շատերը դեռ ճանապարհ դուրս չեկած են սպանվել։

Հարյուրամյակի սկզբում Անատոլիայում ապրող 1.5 մլն հայերից միայն 100 հազարը մնաց, և դրանից հետո «Թուրքիան կորցրեց իր հարստությունը» ասելն էլ է տարօրինակ։

Իհարկե, մշակութային բազմազանությունը, հարստությունը կարևոր է, սակայն ամենակարևորը մարդն է, չէ՞։

Այսօր «Իսլամական պետությունը» (ահաբեկչական խմբավորում-Tert.am) Սիրիայի և Իրաքի քաղաքներում մարդկանց ստիպում է կրոնափոխ լինել, կանանց ու աղջիկների է բռնաբարում, կասկածելի մուսուլմաններին սպանում է, և եթե մենք դրան «վայրագություն» ենք ասում…

100 տարի առաջ այս հողերում դրանցից շատ չտարբերվող «վայրագություններ» են գործել մեր պապերը, և եթե մենք դա ժխտում ենք, դա երկերեսանիություն չէ՞։

Կրկին հարցնենք. «Նման ցավը, ժխտումը, դեռ ատելության վրա կառուցվող հանրությունը հանգստության ինչպե՞ս պետք է հասնի, ինչպե՞ս օտարին պետք է հարգի, ինչպե՞ս պետք է համատեղ ապրել սովորի»։

Scroll Up