Հոգևորականները հավատարիմ են պատերազմող Սիրիայի հայ համայնքի կողքին լինելու առաքելությանը

Հայ հոգևորականները, ինչպես 1915-­ին ու հետագա տարիներին, այնպես էլ այսօր իրենց հոտի կողքին են դժվարին պահերին:

Սրանք սիրիական պատերազմի ողջ ընթացքում տեղի հայ համայնքի կողքին իր առաքելությունը կատարող Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի` Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի խոսքերն են: Սրբազանը, զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության տարիների և ներկայի միջև, նշեց, որ Սիրիայում հայ հոգևորականների ներկայությունը շատ կարևոր է ու էական:

«Այսօր շատ կարևոր է հոգևորականների ներկայությունը, երբ վտանգված ենք տեսնում մեր ազգային կառույցների ապագան: Շատ հաճախ պատահել է, թե ներկա ենք գտնվել որոշ ձեռնարկների` լինի ազգային, մշակութային, եկեղեցական ու անձնական առիթներով` պսակ, կնունք, այնտեղ ապահովվել է ժողովրդի ներակայությունը: Իրենց առաջնորդի ներկայության մեջ նրանք տեսնում են ապահովություն, ինչպես նաև, որ իրենց ցավին ու ճակատագրին ընկերակից ունեն: Սա ստիպում է մեզ մեր առաքելության մեջ հաստատ մնալ ու պահպանել մեր կամքը, որ չպետք է լքենք մեր ժողովորդին, ինչ պայմանների մեջ էլ հայտնվի այն: Հայ հոգևորականությունը նույն ոգով, նույն առաքելությամբ տոգորված էր 1915­-ին` իրենց մնայուն ներկայությունը ապահովելով փրկված ժողովրդի կողքին»,­ «Արմենպրես»­ի փոխանցմամբ` նշեց Արմաշ Սրբազանը:

Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի խոսքով` Հայոց ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքում հայ հոգևորականության առաքելությունն ու դերակատարությունը հայ ժողովրդի փրկության գործում նշանակալի է եղել: «Մենք՝ որպես սիրիահայեր դա անմիջապես զգացել ենք: Պատմական իրականություն է, որ Ցեղասպանությունն իրականացվել է պատմական Հայաստանում, բայց Մերձավոր Արևելքն ու հատկապես Սիրիան դարձել են Ցեղասպանության արտագաղթի, բռնագաղթի, աքսորի ու հայ ժողովրդի սպանդի բեմ: Այնտեղ գործող եկեղեցին ու հոգևորականությունն իր առաջնահերթ առաքելությունն են համարել Ցեղասպանության տարիներին ամեն ջանք գործադրել աքսորյալ ու ցեղասպանյալ ժողովրդի փրկության համար»,­ասաց Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Դամասկոսում հայերի թիվը մինչ ցեղասպանությունը 7­8 հազար է եղել, իսկ արդեն 1916­1919 տարիներին տեղի հայերի թիվն աճել է` հասնելով 30­40 հազարի:

Տեղի հոգևորականությունն էլ մեծ աշխատանք է տարել փրկվածների կենսական, կենցաղային, հոգևոր ու մշակութային հարցերը լուծելու ուղղությամբ: «Հետաքրքիր մի փաստ. Դամասկոսի առաջնորդարանի տոմարի մեջ թաղման տոմար կա, ուր հստակ երևում է, որ մինչ Ցեղասպանությունը Դամասկոսում տարեկան 50­-70-­ին հասնող թաղման արարողություններ ու ծեսեր են գրանցվել, 1916­-1919 ունեցել ենք տարեկան 1000-­ի հասնող թաղումներ:

Երբ նայում ենք մանրամասն տվյալները, հասկանում ենք, որ փոքր տարիքի երեխաների մահվան արարողությունների արձանագրություններն են ավելի շատ, որից կարող ենք ենթադրել, որ նրանք գաղթի մահասփյուռ աքսորից են փրկվել կամ սովամահ հասել են Դամասկոս, ուր էլ իրենց մահկանացուն են կնքել: Նույն տոմարում նշված է նաև այն հոգևորականների անունները, ովքեր ծառայել են այդ տարիներին: Պարզ է դառնում, որ շատ հոգևորականներ ևս եկել են Դամակասկոս` իրենց ժողովրդի հետ աքսորվելով: Սա մեծ ապացույց է, որ հայ հոգևորականը չի լքել իր հոտը, կամ մնացել է իր թեմի, իր եկեղեցու մեջ` տանելով ամեն զրկանք, նեղություն ու նույնիսկ նահատակություն, կամ էլ իր հոտի հետ ստիպված կամ հոժարակամ ելել է աքսորի»,­ ավելացրեց Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Սրբազանը մի փաստ էր շեշտադրեց, ըստ որի` հայ հոգևորականները արաբական իշխանությանն են հայտնել իրենց երախտիքը հայ ժողովրդի նկատմամբ բարեհաճ լինելու համար: Մայր Աթոռում տեղի է ունեցել «Ցեղասպանության տարիներին Մերձավոր Արևելքի հայ հոգևորականության առաքելությունը» խորագրով գիտաժողով: Միջոցառումն անցկացվում է ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ: Այն մեկ հարկի ներքո է համախմբել Հայ Առաքելական եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցու, Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին:

Scroll Up