Նոյի հետքերն Արարատի վրա փնտրող իտալացիները գտել են Ցեղասպանության սարսափները

News.am-ը գրում է, որ իտալական Տրիկյանա քաղաքում ապրիլի 11-ին կցուցադրվի «Առեղծվածային լեռը» վավերագրական կինոնկարը: Ինչպես հաղորդում է տեղի Bellunopress պարբերականը, ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Սորամաեն, և  գրող, ուսումնասիրող Տիտո դե Լուկան:

Մի քանի տարի նրանք Արարատի վրա փնտրել են Նոյյան տապանը, մինչդեռ գտել են հայ ժողովրդի ապրած սարսափի հետքերը: Այս ամենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ կպատմեն Սորամաեն և դե Լուկան,- հաղորդում է պարբերականը:

Տիտո դե Լուկան ուսումնասիրող լեռնագնաց է Իտալիայի Բելունո շրջանից: Մի քանի տարի նա բնակվել է Թուրքիայում, որտեղ փնտրել է Համաշխարհային ջրհեղեղի հետքերը: Նա արդեն մի քանի գիրք է գրել հայի կեղծանունով՝ Ազատ Վարդանյան: Դրանցից են «Արարատ՝ առեղծվածային լեռը», «Լորդ Բայրոնի առեղծվածային կղզին», «Արարատի սուրբ ծաղիկները», ինչպես նաև Նոյյան տապանի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:

Ռոբերտո Սորամաեն նույնպես մի քանի ֆիլմ է ստեղծել Արարատի մասին, այդ թվում՝  «Հսկաներն ամպերի մեջ» կինոնկարը:

Scroll Up