Նոյի հետքերն Արարատի վրա փնտրող իտալացիները գտել են Ցեղասպանության սարսափները
News.am-ը գրում է, որ իտալական Տրիկյանա քաղաքում ապրիլի 11-ին կցուցադրվի «Առեղծվածային լեռը» վավերագրական կինոնկարը: Ինչպես հաղորդում է տեղի Bellunopress պարբերականը, ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Սորամաեն, և գրող, ուսումնասիրող Տիտո դե Լուկան:
Մի քանի տարի նրանք Արարատի վրա փնտրել են Նոյյան տապանը, մինչդեռ գտել են հայ ժողովրդի ապրած սարսափի հետքերը: Այս ամենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ կպատմեն Սորամաեն և դե Լուկան,- հաղորդում է պարբերականը:
Տիտո դե Լուկան ուսումնասիրող լեռնագնաց է Իտալիայի Բելունո շրջանից: Մի քանի տարի նա բնակվել է Թուրքիայում, որտեղ փնտրել է Համաշխարհային ջրհեղեղի հետքերը: Նա արդեն մի քանի գիրք է գրել հայի կեղծանունով՝ Ազատ Վարդանյան: Դրանցից են «Արարատ՝ առեղծվածային լեռը», «Լորդ Բայրոնի առեղծվածային կղզին», «Արարատի սուրբ ծաղիկները», ինչպես նաև Նոյյան տապանի հնարավոր գտնվելու վայրի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:
Ռոբերտո Սորամաեն նույնպես մի քանի ֆիլմ է ստեղծել Արարատի մասին, այդ թվում՝ «Հսկաներն ամպերի մեջ» կինոնկարը: