ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի 85-ամյակի առթիվ
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ
ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ
ՄԵԼԱՆՔԹՈՆ ԵՎ ՀԱՅԿ ԱՐՍԼԱՆՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
ՊԱՐՈՆ ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇՅԱՆԻՆ,
ՃԵՄԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ, ԾՆՈՂՆԵՐԻՆ
Մեծ սիրով շնորհավորում եմ Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի սաներին, ուսուցչական կազմին և ծնողներին ճեմարանի լուսավոր 85-ամյակի առթիվ:
Ոչ միայն Լիբանանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի հայ ազգային կրթական համակարգի լավագույն օջախներից մեկն է հոյակերտ այս դպրոցը, որի հիմնադրման ակունքներում էին լուսառաք և տաղանդավոր ազգային մեծերը՝ Լևոն Շանթ, Նիկոլ Աղբալյան, Սիմոն Վրացյան: Դպրոցը, որ, հիրավի, լիբանանահայ սերունդների ազգային ինքնության պահպանման, կրթության և դաստիարակության դարբնոց դարձավ շնորհիվ նվիրյալ հիմնադիրների ու այսօր շարունակում է սերունդների հայակրթության սրբազան գործը:
Արաբական անապատներ քշված, Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, մեծ արհավիրքի սարսափների հիշողությունների ծանր բեռով, գոյության նվազագույն պայմանների ստեղծումին զուգընթաց՝ Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների ու իշխանությունների մարդկային ու բարյացկամ վերաբեմունքի պայմաններում եկեղեցի ու դպրոց ստեղծեցին՝ մայրենին պահպանելու, հայ գիրն ու գրականությունը, հայ մշակույթն ու ազգային ինքնությունը կորստից փրկելու համար, հայ պահելու համար: Այսպիսի կենսունակ կրթարան դարձավ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը՝ հավաստելով հայի կենսունակության, ապրել-արարելու անկոտրում կամքի մասին:
Լիբանանի արաբ ժողովրդի ու լիբանանահայության համար 20-րդ դարի դժվարին պայմաններում, ճակատագրական հարվածների պայմաններում, բազում փորձություններ հաղթահարելով Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանը 85 անգամ հնջեցրել է ուսումնական տարվա առաջին զանգը, ճանապարհ դրել իր հարյուրավոր շրջանավարտներին, որոնցից շատերը դարձել են կրթության ու մշակույթի նշանավոր գործիչներ, բժիշկներ ու իրավաբաններ, գործարարներ ու տնտեսագետներ, ազգային – հասարակական կյանքի երևելի դեմքեր:
Այսօր էլ դպրոցը շարունակում է ազգաշահ գործունեությունը՝ հավատարիմ մնալով իր որդեգրած՝ «Լեզուն մեր ինքնության պահապանն է, մեր միասնության հիմքը, մեր ինքնապաշտպանության կարևոր վահանը» ճշմարտությանը:
Ճեմարանը մեկն է սփյուռքյան այն հազվագյուտ դպրոցներից, որոնք ունեն ամենամեծ թվով աշակերտներ, ուր հիմնականում դասավանդվում են հայագիտական առարկաներ, ուր հայերենին ու հայ կրթությանը հատկացվում են ավելի շատ դասաժամեր, հոգատարություն: Բոլորովն պատահական չէ, որ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ճեմարանն արժանացել է գլխավոր մրցանակի:
Հարգելի՛ պարոն Ճինպաշեան, հարգելի՛ ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ,
Կրթօջախի բոլոր դպրապետերը, նվիրյալ ուսուցիչները, բոլոր տարիների շրջանավարտները, դպրոցի 85-ամյա պատմության անխոնջ կերտողներն են: Փա՛ռք ու պատի՛վ բոլորին:
Սիրելի իմ հայրենակիցնե՛ր,
Ձեզ մաղթում եմ անսպառ ուժ և կարողություն, երբեք չխաթարվող հավատ վաղվա օրվա հանդեպ: 21-րդ դարը մերն է լինելուք:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՁԵՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ