Սփյուռքահայ պատմաբանները UWC Դիլիջան քոլեջում խոսել են Ցեղասպանության մասին

UWC Դիլիջան քոլեջում շարունակվում է մարդասիրական թեմաներին վերաբերող դասախոսությունների շարքը՝ նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայտնում է armeniangenocide100.org կայքը:
«Մեդիամաքս»-ի տեղեկացմամբ՝ մարտի 31-ին քոլեջի ուսանողական և դասախոսական կազմի առջև դասախոսությամբ հանդես են եկել սփյուռքահայ հայտնի պատմաբաններ` Աշխարհաքաղաքական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի (Institut Français de Géopolitique) ղեկավար, Փարիզի Սեն Դենիի համալսարանի պրոֆեսոր Ռայմոն Գևորգյանը և Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի դասախոս Ստեփան Աստուրյանը:
Նրանք անդրադարձել են ցեղասպանություններին, դրանք ծնող պատճառներին, զուգահեռներեն անցկացրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի միջև: Նրանք խոսեցին նաև մարդասիրության մասին՝ ընդգծելով, որ տարբեր երկրների բարեգործական կազմակերպություններ օգնության ձեռք են մեկնել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին:
Դասախոսությունների շարքը կազմակերպվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համատեղ նախաձեռնությամբ:
«Մեր քոլեջի կրթական գաղափարախոսության հիմնական խնդիրներից է՝ առավելագույնս տեղեկացված լինել այն ժողովուրդների պատմությանը և մշակույթին, որտեղ գտնվում է մեր քոլեջը ՝ միաժամանակ հաշվի առնելով ուսանողների միջազգային ներկայացվածությունն ու մտածողությունը: Այս տարի, երբ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մենք հրավիրում ենք հայտնի գիտնականների՝ քննարկելու ընդհանրապես ցեղասպանությանը և մասնավորապես Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերը տարբեր տեսանկյուններից»,- ասել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը: