Սալոնիկի մանկական երգչախմբերի միջազգային փառատոնը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին

Մեկ շաբաթ շարունակ Հունաստանի Սալոնիկ քաղաքում կանցկացվի Մանկական երգչախմբերի ամենամյա միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված կլինի Հայաստանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»ին փոխանցեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 1ին «Մեղարոն Մուսիկիս» համերգասրահում:
Մինչեւ ապրիլի 6ը շարունակվող փառատոնին Հայաստանից որպես հատուկ հյուր հրավիրվել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Ապրիլի 3ին կկայանա երգչախմբի մենահամերգը: Ապրիլի 6ին կկայանա փառատոնի գալահամերգը, որի ավարտին մասնակից բոլոր երգչախմբերը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: