Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկը կկոչեն Հենրի Մորգենթաուի անունով

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկը կոչվելու է Առաջին համաշխարհայինի տարիների Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի անունով:

Ըստ armeniangenocide100.org-ի՝ այդ մասին, Նովոստի-Արմենիա գործակալության հաղորդմամբ, տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Պաշտոնական արարողությունը տեղի կունենա Մորգենթաուի ծննդյան օրը՝ ապրիլի 26-ին: Արարողությանը ներկա են գտնվելու Երևան ժամանած նրա բարեկամները», – ասել է Դեմոյանը:

Հենրի Մորգենթաուն 1913-1916թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանն էր: Նա դատապարտում էր ինչպես Հայոց ցեղասպանությունը, այնպես էլ հույների և ասորիների էթնիկ զտումներն ու հետապնդումները: Ունենալով ապացույցների և փաստերի բավարար պաշարներ՝ Մորգենթաուն տեղեկացրել է ԱՄՆ-ին Օսմանյան կառավարության գործունեության մասին և միջամտություն պահանջել:Սակայն ամերիկյան կառավարությունը, չցանկանալով միջամտել, չեզոք դիրքեր է գրավել և չի մեկնաբանել թուրքերի վայրագությունները:

Մորգենթաուն հանդիպումներ է ունեցել Օսմանյան կայսրության ղեկավարների հետ հայերի վիճակը մեղմացնելու նպատակով, սակայն օսմանցիները անտեսել են նրա բողոքը: Այդ ժամանակ դեսպանն ու մի քանի այլ ամերիկացիներ որոշել են ստեղծել հանրային հիմնադրամ, որը կօգներ Օսմանյան կայսրության հայերին, ստեղծել են նաև «Հայերի հանդեպ իրականացրած հանցագործությունների դեմ հանձնաժողովը», որը հետագայում վերանվանվել է Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի:

Մորգենթաուի գործունեությունը ձեռնտու չէր թուրքական կառավարությանը, ինչը հանգեցրել է 1916 թ նա պաշտոնանկմանը:

Հայոց ցեղասպանության շուրջ Մարգենթաուի և Օսմանյան կայսրության ղեկավարների զրույցները տպագրվել են 1918 թվականին «Մորգենթաու դեսպանի պատմությունը» հուշերում:

Scroll Up