Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի այցը Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոն

Մարտի 27-ին Ախալքալաք էին այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  նվիրված հանձնախմբի անդամները: Քաղաքի շրջանային վարչությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ախալքալաքի Երիտասարդական Կենտրոնի սաների կողմից հանձնախմբի անդամներին և բոլոր ներկաներին բաժանվեցին թռուցիկներ`տարբեր բովանդակություններով և Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներով:

Նիստի ավարտից հետո Ախալքալաքի Կրթամշակութային Կենտրոն այցելեց Վիրահայության թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիրյանը: Աղ ու հացով և պարային կատարումով դիմավորելուց հետո տեղի ունեցավ փոքրիկ ցերեկույթ, որի ժամանակ  կենտրոնի սաները երգեցին և արտասանեցին բանաստեղծություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Իր ողջույնի խոսքն ուղղելուց հետո ԱԵԿ-ի տնօրեն Վ. Արաբյանը ներկայացրեց  կենտրոնի գործունեությունը և նշեց, որ հայ մանուկին հայեցի դաստիարակելը կենտրոնի կարևոր նպատակներից և առաքելություններից մեկն է:

Սրբազանն իր շնորհավորանքի և շնորհակալության խոսքը հղեց կենտրոնի ուսուցիչներին, սաներին ու ծնողներին` նման գործունեություն ծավալելու և հաջողությունների հասնելու համար:

Իսկ վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում  քննարկվեցին ներկաներին հետաքրքրող և հուզող հարցերը` կապված Ախալքալաքի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի հետ:

 Այս ամենի մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:

ax2

Scroll Up