Ղազախստան-Ղրղզստան. համայնքային կյանքի խճանկար (լուսանկարներ)
Ղազախստանի հայկական համայնքն այս օրերին ապրում է հայաշունչ աշխույժ առօրյայով, ինչը հիմնականում պայմանավորված է Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի՝ համայնքային խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրությամբ, հայկական կրթամշակութային կառույցների, այդ թվում՝ Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամի հայանպաստ գործունեությամբ, Հայրենիքից հեռու հայ մնալու նրանց ազգանվեր մղումով։ Ամեն նոր բացվող օր իր հետ նոր միջոցառում և նոր ձեռնարկ է բերում։
Մարտի 13-ին Աստանայում կազմակերպվել է Ս. Փարաջանովին նվիրված դասախոսություն, ապա ցուցադրվել է «Նռան գույնը» ֆիլմը։
Մարտի 20-ին Ալմաթիում մեկնարկեց Մանկական ստեղծագործության 4-րդ միջազգային փառատոնը, իսկ երկու օր անց՝ մարտի 22-ին, հայտնի դարձավ, որ Ալմաթիի հայկական երգի-պարի «Նաիրի» համախումբն արժանացել է գլխավոր մրցանակի։
Մարտի 24-ին Ալմաթիի Հայկական տանը («Լույս» ՀՄԿ) տեղի է ունեցել համայնքի անդամների հանդիպումը դեսպան Արա Սահակյանի հետ։ Քննարկվել են «Հայաստան-Սփյուռք» գործակցությանն առնչվող հարցեր, համայնքի առաջիկա ծրագրերը։
Մարտի 27-ից Ղազախստանի Աստանա, Ալմաթի, Կոստանայ, Ակտաու քաղաքներում կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության թեմաներով ֆիլմերի ցուցադրություն։
Ապրիլի 3-ին Բիշքեկում Պատվո հյուպատոս Պետրոս Շահինյանի և հայկական համայնքի ղեկավար Աշոտ Ղոնդախչյանի նախաձեռնությամբ կազմակերպվելու է Հայոց ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որին մասնակցելու և ելույթ է ունենալու նաև դեսպան Ա. Սահակյանը։
Ապրիլի 4-ին Ղազախստանի Պավլոդար քաղաքում մեծ հանդիսությամբ նշվելու է «Հայրենիք» հայկական մշակութային կենտրոնի կազմավորման 20-ամյակը, որին մասնակցելու են Ղազախստանի տարբեր մարզերի հայկական կառույցների ներկայացուցիչներ։
Ապրիլի 7-ին՝ Մայրության, գեղեցկության եւ սիրո տոնին Աստանայի և Ակլոմային մարզի հայկական համայնքը նախատեսում է այցելություն նախկին կանանց գաղութի տարածքում ստեղծված հուշահամալիր:
Ապրիլի 24-ին Ղազախստանի Ակտաու եւ Ղրղզստանի Բիշքեկ քաղաքներում հանդիսավորությամբ կտեղադրվեն խաչքարեր:
Այսպիսին է մարտի երկրորդ տասնօրյակում կազմակերպված և առաջիկայում նախատեսված համայնքային միջոցառումների ոչ լրիվ ցանկը։ Հայկական համայնքն ապրում է հետաքրքիր և լիարյուն կյանքով։