Պատերազմի գույները

Մանկությունիցս համարյա ոչինչ չեմ հիշում.պատերազմից մթագնել են հիշողություններս: Գու՞ցե կմտածեք, որ դա լավ է, չէ որ եթե հիշեմ, ապա պիտի հիշեմ  պայթյունների, լաց ու կոծի, նկուղներում ծվարած մայրերի ու երեխաների, արցունքն աչքերին սառած ծերերի եւ համատարած սպասող հայացքների մասին: Գուցե եւ, բայց չէ՞ որ այդ ամենն իմն է, ես եմ ապրել, դա իմ կյանքի պատմության մի մասնիկն է, որ կոչվում է մեկ հատ բառով՝ մանկություն: Եթե չես հիշում մանկությունդ, ուրեմն՝ կիսատ ես ապրել կյանքդ…Ինչ-որ մեկը գողացավ իմ եւ իմ նմանների մանկությունը, եւ ես ու իմ նմանները ստիպված եղանք շուտ մեծանալ…

Հուշերս արթնանում են պատերազմից հետո միայն, ասես՝ լոկ պատերազմից հետո եմ ապրել մանկությունս: Պատերազմից հետո ամենապայծառ բանը, որ հիշում եմ՝ Նրա դեմքն է՝լուսավոր ինչպես Աստվածամայրը: Այո, նա հենց այպիսինն է՝ մաքուր ու լի բարությամբ:

Այսօրվա պես հիշում եմ՝ 1995 թվականի ամառն էր, երբ Նա եկավ: Հագին երկար զգեստ էր, դեմքին՝արև: Հազիվ 25-26 տարեկան էր: Մի քիչ թմբլիկ արտաքինով:

– Անունս Ծիա է, Ծիա Վարդապետյան, այսուհետ ձեր տանն եմ մնալու, կընդունե՞ս ինձ, փոքրիկ:

Ես ամոթխած թաքնվեցի մայրիկիս փեշի տակ: Նա ծիծաղեց: Ես սկսեցի մայրիկիս փեշի տակից զննել նրան: Նրա երկար, հասարակ, մուգ կապույտ զգեստը գրավեց ուշադրությունս: Մի պահ հիշեցի մորս շորերը, նիհար կազմվածքը: «Ուզում եմ, որ այդ շորից մայրիկիս էլ լինի»,- անցավ մտքովս ու սկսեցի նայել նրա պայուսակին, սև, հարդարված մազերին, թեթև շրթներկին: «Ինչու՞ մայրիկս այդպիսի զգեստ չունի, ինչու՞  շրթներկ չի քսում…»,-մտածում էի, երբ նա նորից խոսեց.

– Ես հեռու տեղից եմ եկել,- ասաց ու պայուսակից մի քանի տուփ կոնֆետներ հանեց,- քեզ համար է, վերցրու:

– Մամ, սա ի՞նչ է,- կամաց հարցրի մայրիկից:

Մորս դեմքին ցավոտ ժպիտ երևաց: Բայց նա տուրք չտվեց ցավին:

– Քաղցրավենիք է, վերցրու եւ շնորհակալություն ասա օրիորդ Ծիային:

Ես երկար նայեցի նրա պարզած ձեռքին ու մնացի իմ տեղում.«Մայրիկս իսկական կոնֆետներ է պատրաստում փայլաթղթի մեջ, ես այդպիսինը չեմ ուզում, դրանք իսկական չեն»:

Ծիայի աչքերերից մի քանի արցունք կաթեց, նա ներողություն խնդրեց ու սրբեց աչքերը: Ես զարմացա ու մտածեցի, որ երևի նեղացավ ինձնից: Հետո  նա կոնֆետները դրեց սեղանին եւ վարորդին պատվիրեց, որ ներս բերի ճամպրուկները:

Այսպես Ծիան հայտնվեց մեր ընտանիքում…

Մի օր նա հավաքեց բակի բոլոր երեխաներին եւ կոնֆետներ ու խաղալիքներ բաժանեց: Բոլորս հիացած էինք ոչ այնքան անծանոթ քաղցրավենիքով, որքան՝ նրանց գույներով: Հետո Ծիան բացեց խաղալիքների տոպրակը,  բաժանեց մեզ: Հանկարծ մեկը գոչեց. «Ես խաղալիք ավտոմատ եմ ուզու՜մ, հաջորդ անգամ ինձ կբերե՞ս դրանից»:

– Ի՞նչ ես անում խաղալիք ավտոմատը,-հարցրեց Ծիան:

– Ո՞նց թե ի՞նչ ես անում, բա առանց ավտոմատի ի՞նչ խաղ:

– Իսկ ի՞նչ խաղ ես խաղում ավտոմատով:

– Մարդ եմ սպանում, թուրքեր եմ սպանում, շատ թուրքեր, դու գիտե՞ս թուրքն ինչ է: Թուրքը շատ վատ բան է, նրան պետք է սպանել, թե չէ ինքը կգա ու մեզ կսպանի: Այ, տե՛ս, Դավիթի պապային թուրքն է սպանել, Կարենի հոպարին էլ է թուրքը սպանել, մեր հարևան Մարգո տատին ամեն օր լացում է ու ասում՝ թաղեմ թուրքի բալան, որ իմ բալան տարավ ինձնից…Թուրքը վատ բան է…

Ծիան ոչինչ չպատասպանեց, դեմքով շրջվեց դեպի բակի ընկուզենին ու աչքերն առավ ձեռքերի մեջ: Հետո խաչակնքեց մի քանի անգամ…

– Դու պետք է ուրիշ խաղալիքներով խաղաս, այ սրանցով, տղա՛ս, սրանք լավ խաղալիքներ են, իսկ ավտոմատը լավ խաղալիք չէ, դու միայն լավ խաղալիքներով խաղա ու վատ մարդկանց մասին մի մտածիր… Կուզե՞ս ես քեզ «Արջուկի ու պաղպաղակի» հեքիաթը պատմեմ: Շատ դուրդ կգա:

– Իսկ պաղպաղակն ի՞նչ է:

– Պաղ-պաղ…պաղպաղակը…վաղը մենք միասին պաղպաղակ կպատրաստենք, կուզե՞ք:

-Հա՜….հա՜….հա՜,ուզու՜մ ենք,- հնչեց ամեն կողմից:

Հաջորդ օրը մեկը կաթ բերեց իրենց տնից, մյուսը՝շաքար, մեկը՝ միրգ, եւ փոքրիկ բաժակների մեջ պաղպաղակ պատրաստեցինք: Այդ հարցում բոլորիս օգնեց մայրս: Մի քանի ժամից պաղպաղակ կերանք….Պա՜ղ-պա՜-ղա՜կ…ի՜նչ համով բան է…

Ծիան լուսանկարչական ապարատ էր բերել եւ լուսանկարում էր: Մենք էլ պարտադիր ժպտում էինք: «Չի՜զզզ»,-ասում էր Ծիան: Մենք էլ հետեւից կրկնում էինք՝չիիի՜զզզ….Ամեն ինչ նորություն էր…

Ծիան մեկ տարի մնաց մեր տանը: Ուներ իր առանձին սենյակը, իր սիրելի անկյունը, բակում իր սիրած տեղը: Դպրոցում անգլերեն էր դասավանդում: Անգլերենը խորթ էր բոլորին: Ուսուցիչներն էլ էին մասնակցում դասերին: Ծիան իր աշխատավարձը չէր ստանում, տրամադրում էր դպրոցի կարիքները հոգալուն:

Արցախ1

գյուղ Աշան, 1996թ.

Հետո նա սկսեց ազգային երգ ու պար սովորեցնել աշակերտներին: Բոլորը կլանված լսում էին նրա խոսքը, կլանում նրա ձայնը, շարժումները: Առաջին անգամ նա մեզ սովորեցրեց «Գինի լից», «Սերոբի ու Սոսեի երգը», «Գևորգ Չաուշի երգը» …Պատմում էր ամեն մի երգի հերոսի մասին…

Ծիան մի օր մեզ պատմեց Համբիկ Սասունյանի  ու նրա ցմահ բանտարկության մասին: Ես փոքր էի, շատ բան չէի հասկանում, իսկ մեծերը հասկանում էին: Նույնիսկ մի քանի հոգի լաց եղան, հետո ցանկություն հայտնեցին նամակ գրել Համբիկին: Նամակների մի ամբողջ կույտ հավաքվեց: Ծիան մեկ տարի անց դրանք իր հետ տարավ Ամերիկա, հանձնեց Համբիկին, ուղարկեց պատասխան նամակները՝գրված Համբիկի ձեռքով…

Մի օր՝ Զատկի տոնին, նա հարցրեց.

– Իսկ դուք Զատիկը ո՞նց եք նշում:

– Իսկ Զատիկն ի՞նչ է,- հարցրինք…

Նրա հետ առաջին անգամ Զատիկ նշեցինք, ձու ներկեցինք, զատկական խաղեր խաղացինք:

-Ինչ լավ բան է այս Զատիկը,- ասաց մեր բակի Լիլիթը,- ափսոս, որ շուտ չենք իմացել, թե չէ ինչքա՜ն ձու կներկեինք….

Ես երբեք չեմ մոռանա Ծիայի ժպիտը, նրա ժպիտում այնքան թախիծ կար. հիմա եմ հասկանում նրա հոգու խռովքը: Նա իր կամքով հայտնվել էր մի տեղ, որտեղ իրար էին խառնվել վիրավոր ճակատագրերը, մանուկների՝այդպես էլ չմանկացած մանկությունները, պատերազմի մխող վերքերը: Այդ ամենի մեջ Ծիան եւ հարազատ քույր էր, եւ ընկերուհի, եւ խորհրդատու, եւ հոգեբան, եւ ուսուցիչ…Ծիան մեր գյուղի արևն էր…

Ծիան վայրի վարդեր շատ էր սիրում: Երբ դպրոցից տուն էր գալիս, վայրի վարդերի մեծ փնջի տակից դեմքի կեսը չէր երևում: Ամեն մեկն ուզում էր ինքը  անտառից Ծիայի  սիրած ծաղիկները բերեր: Հաճախ երեխաները վիճում էին, թե ով է առաջինը նրան ծաղիկ նվիրելու: Հետո հերթ էին դնում՝այսօր ես, վաղը՝դու, հաջորդ օրը՝մեկ ուրիշը: Անտառի բոլոր վայրի վարդերը նրանն էին…Շատ հաճախ նա ուրախությունից լաց էր լինում: Բոլորը վազում ու գրկում էին նրան…«Այդքան երիտասարդ տարիքում ես կարողացա ամենաերջանիկ մարդը դառնալ»,- ասում էր Ծիան:

Մեկ տարի անց եկավ հրաժեշտի պահը: Ծիան պիտի մեկներ Ամերիկա, ընտանիքը սպասում էր: Նա ճամպրուկները ձեռքին շվարած կանգնել էր, արցունքները հոսում էին: Գյուղացիներից ամեն մեկը մի բան էր բերել նրա համար՝ դոշաբ, մուրաբա, չիր-չամիչ, անգամ՝ ձու եւ կաթնամթերք…

Ծիան հազար ու մի թելով կապվեց մեր գյուղին, մենք էլ՝ նրան: Դա է պատճառը, որ նա ամեն տարի ամռանն այցելում է ՝ թեկուզ մեկ-երկու օրով:

Ծիան հայրենիքից իր հետ նռան շիվեր տարավ.«Ամերիկայում կտնկեմ, փոքրիկ հողամաս ունենք»:

Մի օր պապս հարցրեց նրան.

– Հը, նռենին ծաղկե՞ց, բե՞րք տվեց …

– Ո՛չ, պապի, թեպետ  չչորացավ, բայց չծաղկեց…

– Ամեն ծառ իր հայրենիքն ունի,աղջիկս…Ամեն ծառ իր հայրենիքում է ծաղկում…

Հերմինե  ԱՎԱԳՅԱՆ

aparaj.am

Scroll Up