Բեյրութում ընդհարումներ են տեղի ունեցել դաշնակցական երիտասարդների և թուրքական դեսպանատան պահպանության ուժերի միջև
Բեյրութում մարտի 18ի երեկոյան դաշնակցական երիտասարդների և թուրքական դեսպանատան պահպանության ուժերի միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»ը տեղեկացավ լիբանանյան «Ազդակ» օրաթերթից:
Դաշնակցական երիտասարդների՝ ԼԵՄականների և ԶՈՄ ականների 60 հոգիանոց խումբը բողոքի ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա. Պէ. Սէ. Աշրաֆիե» հանրախանութի կինոդահլիճի մուտքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված «Սոն Մեքթուփ» («Վերջին նամակը») թուրքերեն ժապավենի ցուցադրությունը:
Ժապավենը Գալիպոլիի ճակատամարտի մասին է, որի 100ամյակի առիթն օգտագործելով՝ թուրքական արտաքին քաղաքականությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից: Ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված հագուստ հագած դաշնակցական երիտասարդները անգլերենով ու արաբերենով բողոքի պաստառներ են բարձրացրել, ինչպես նաև Էրդողանին քննադատող նկարներով կանգնել են կինոյի սրահի մուտքի մոտ: Նրանք նաև հանրախանութում գտնվող մարդկանց բացատրական թռուցիկներ են բաժանել: Երիտասարդների գործողությունները զայրացրել են թուրքական դեսպանական պահպանության ուժերին, որոնք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Լիբանանյան ներքին ապահովության ուժերը միջամտել և բաժանել են երկու կողմերին: Ոստիկանությունը մեկ թուրքի է ձերբակալել, ևս մեկ թուրք միացել է նրան, երկու հայ երիտասարդներ վիրավորվել են: Ավելի քան երկու ժամ տևած ցույցը գրավել է մեծ թվով մարդկանց ուշադրությունը: Բողոքի ցույցի ժամանակ թուրք դեսպանը ստիպված մնացել է կինոյի սրահում մինչև ցույցի ավարտը: Միջադեպը լուսաբանել են լիբանանյան տարբեր լրատվամիջոցներ: