Պուտինը և Էրդողանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը. «Անադոլու»

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Նախագահները շուրջ 30 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են երկկողմ կարևորություն ունեցող մի շարք հարցերի` շեշտադրելով էներգետիկ ոլորտում համատեղ աշխատանքների կարևորությունը:

Կողմերը մասնավորապես խոսել են «Թուրքական հոսք»­ի մասին: Հեռախոսազրույցի ընթացքում կարճ անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության խնդրին: Էրդողանը Պուտինին հայտնել է, որ այս հարցում «Թուրքիան կողմ է պատմությանը արդար հիշողության հեռանկարով մոտեցում ցուցաբերելուն»: Նա հերթական անգամ մեղադրել է Հայաստանին «խաղաղության կոչերն անտեսելու, պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին բացասական մոտեցում ցուցաբերելու» հարցում: ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ Հայոց ցեղասպանության հարցի քննարկման մասին չի նշվում: Երկու երկրի նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմի թաթարների հարցը:

Scroll Up