Ֆրանսիայում վերահրատարակվել է «Լռության հանցանքը. Հայոց ցեղասպանություն» աշխատությունը

Ֆրանսիական «Արշիպել» հրատարակչությունը պատմաբան Ժերար Շալյանի խմբագրությամբ լույս է ընծայել 352 էջանոց այս աշխատությունը, որը 1984 թ. մի շարք հայտնի ցեղասպանագետների հրատարակած աշխատության վերահրատարակությունն է նոր նախաբանով: Այդ մասին armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է «Ազգ»-ը:

 

Օգտվելով 1-ին աշխարհամարտի ընձեռած պատեհությունից՝ երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայերի բնաջնջման միջոցով Հայկական հարցը լուծելու իր ծրագրերը: Հայ բնակչությանը ռուս-թուրքական ռազմաճակատի գծից հեռացնելու պատրվակով սկսվեցին զանգվածային տեղահանություններ և կոտորածներ: Օտար շրջանակներում տասնամյակներ տեւած լռությունից հետո 1984 թվականին, երբ մի շարք զինված գործողությունների շնորհիվ Հայկական հարցը վերստին հայտնվեց միջազգային լրատվական դաշտում, Ցեղասպանության աննկարագրելի ոճիրը համաշխարհային հանրության դատին ներկայացվեց Սորբոնի համալսարանի լսարաններից մեկում, որը հետագայում դառնալու էր Ժողովուրդների մշտական դատարանը:

 

Նոբելյան մրցանակի դափնեկիր և «Միջազգային ներում» կազմակերպության հիմնադիր Շոն Մակբրայդի ներկայությամբ ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի և հայ մի խումբ մասնագետներ քննել են փաստերը: 1985 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը ճանաչել է Ցեղասպանությունը, 1987 թվականին նույնն արել է Եվրոպայի խորհուրդը:

Ժողովուրդների մշտական դատարանը ստեղծված էր Վիետնամի առնչությամբ 1979 թ. Բերտրան Ռասելի հիմնած դատարանի նմանությամբ. վերջինս հանրային կարծիքի դատարան էր: Հայոց ցեղասպանությանը նվիրված նստաշրջանը Փարիզում անցկացվել է հենց Ժերար Շալյանի նախաձեռնությամբ. նա հայտնի է որպես ճանապարհորդ, հակամարտությունների և ահաբեկչաբանության մասնագետ:

 

Հայտնի ցեղասպանագետների, մասնավորապես Իվ Տերնոնի, Ռիչարդ Հովհաննիսյանի, Ժիրայր Լիպարիտյանի, Լեո Կուպերի և Ջո Վերհովենի աշխատություններն ամփոփող 1984 թ. ժողովածուն «Ֆլամարիոն» հրատարակչությունում լույս է տեսել Պիեռ Վիդալ-Նաքեի նախաբանով:

 

Ինչպես նշում է «Ազգ»-ը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Արշիպելի» լույս ընծայած վերահրատարակությունը մեզ տանում է խմորումների այն ժամանակաշրջանը, երբ Ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ գրեթե չկային, և երբ Փարիզը հիշյալ նստաշրջանի ընթացքում դարձել էր հայկական սփյուռքի նյարդային կենտրոնը:

Scroll Up