Ջեմալ փաշայի թոռը ճանաչում է Ցեղասպանությունը, Ջելալ Բայարի թոռը՝ ժխտում. Զարաքոլուի անդրադարձը
Թուրքիայում հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ և հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն իր նոր հոդվածում անդրադարձել է երիտթուրք գործիչներ Ջեմալ փաշայի և Ջելալ Բայարի թոռների՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած հակադիր դիրքորոշումներին:
Զարաքոլուն «Երկու թոռ, երկու տարբեր իրավիճակ» հոդվածում նշում է, որ հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք ղեկավարների գործիչների ժառանգներն ունեն տարբեր մոտեցում այդ ոճրագործության հանդեպ: Եթե Ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռը՝ հայտնի թուրք գրող, քաղաքագետ Հասան Ջեմալը, առերեսվում է անցյալի հետ, ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա երիտթուրք գործիչ, Թուրքիայի Հանրապետության երրորդ նախագահ Ջելալ Բայարի թոռը հանդես է գալիս Ցեղասպանության ժխտման դիրքերից:
Զարաքոլուն օրինակ է բերում Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող բացելու նախաձեռնությունը, որին դեմ են հանդես գալիս Շվեյցարիայի թուրք համայնքի ներկայացուցիչները: Ընդ որում, Մեծ եղեռնին նվիրված հուշակոթող բացելուն դեմ հանդես եկողների թվում է Արևմտյան Շվեյցարիայի թուրքական միությունների դաշինքի ղեկավար Ջելալ Բայարը՝ նախագահ Բայարի թոռը: Կրտսեր Բայարն արշավ է սկսել՝ հայկական հուշակոթողի տեղադրման դեմ, ինչն էլ արձանագրում է Ռագըփ Զարաքոլուն՝ համեմատելով նրան Հասան Ջեմալի հետ, որը հակառակ ճամբարի ներկայացուցիչ է:
«Երկու թոռ, երկու տարբեր իրավիճակ: Մեկը մարդկության դեմ իրագործված հանցագործությունը, այդ ժառանգությունը հերքում է, իսկ մյուսը՝ ընդունում»,- իր հոդվածն այսպես է ավարտում Զարաքոլուն:
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն և Հասան Ջեմալը թուրք մտավորականության այն փոքրաթիվ ներկայացուցիչներից են, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունն ու բարձրաձայնում այդ մասին:
Պատրաստեց՝ Գևորգ Պետրոսյանը
1in.am