«Լիլիթ Մարգարյան» նորաձևության տան «Gallery 100» հավաքածուն` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին
2015թ. ապրիլի 7-ին կկայանա հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը, այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է irakan.info կայքից։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Հատուկ շնորհակալություն ՀՀ Սփյուռքի նախարարությանը միջոցառման իրականացմանը նպաստելու համար:
Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է հասցնում 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:
Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչման արդյունք են: Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաև Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները: Ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով:
Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն իրավամբ կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է:
Ֆուտուր ուրվագծերը ապշելու չափ ներդաշնակ են հայուհու կողմից մշտապես սիրված հայկական ավանդական օձիքների հետ՝ մի ամբողջ ժողովրդի պատմությամբ խամրած երանգներով: Մանեքենուհիների սանրվածքն ապահովելու է ոճաբան Սեդրակ Ղամբարյանը, դիմահարդարումը՝ Make-Up Atelier-ի ՝ Մադլեն Խաչատրյանի ղեկավարությամբ: Նորաձևության ոլորտի այս իրադարձությունը, որն անդրադարձել է պատմական կարևորագույն փաստին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեղի կունենա «Meridian Expo Centre» կենտրոնի մեծ սրահում։