Դոկտոր Քամալ Մուդհըր Ահմադ. «Այն դժբախտությունը, որ ապրեցին հայերը, պատմության մեջ իր նախադեպը չունի»

Դոկտոր Քամալ Մուդհըր Ահմադը, իրաքցի քուրդ ժամանակակից պատմիչներից է, ով գործուն մասնակցություն է ունեցել Իրաքի մշակույթի ասպարեզում: Դասախոս, պատմաբան, հետազոտող, որի հոդվածներն ու ուսումնասիրությունները հրատարակվել են իրաքյան, արաբական և օտարերկրյա թերթերում: Վերջինիս հոդվածները հիմնականում նվիրված են քրդական հարցին:

Դոկտոր Քամալը ծնվել է Քերքուկ նահանգի Ախջլար գյուղում՝ 1937 թվականին: Մանկավարժական քոլեջն ավարտելուց հետո համալսարանում պատմություն է ուսանել, որը 1959 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է բակալավրի աստիճան:

Այնուհետև մեկնել է նախկին ԽՍՀՄ՝ ուսումը շարունակելու համար: 1963 թվականին ավարտելով Ակադեմիայի Արևելագիտության բաժինը, ստացել է դոկտորի վկայական, որն ամենաբարձրն էր Խորհրդային Միությունում:

Ունի հրատարակած բազմաթիվ գրքեր, որոնցից կարելի է առանձնացնել «Քուրդիստանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» գիրքը, որի մեջ պատմաբանը անդրադարձել է Հայկական հարցին: Գրքի 5-րդ գլուխը՝ «Քրդերի և հայերի թափվող արյունը», հատկացրել է Հայոց ցեղասպանության հարցին, որը ներկայացնում է քրդերի դերն այդ հարցում:

Դոկտոր Քամալը գրքում հայերին վերաբերող հետևյալ թվերն է նշում. Սուլթան Համիդի զոհերը՝ 300 հազար մարդ, Իթթիհատականների զոհերը՝ 1,5 միլիոն մարդ, դեպի Կովկաս և Արաբական երկրներ արտաքսվողները՝ 800 հազար մարդ: Նա նշել է՝ որ կողմից էլ, որ նայենք հարցին, այն դժբախտությունը, որը ապրել են հայերը, նախադեպը չունի պատմության մեջ:

Իր գրքում դոկտոր Քամալը նաև պարզաբանում է հայ-քրդական հարբերությունները: Իսկ Հայոց ցեղասպանության հարցը ուսումասիրելիս՝ օգտվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության մեջ» գրքից, որը ներառում է Հայոց ցեղասպանության մասին պատմական հարյուրավոր կարևոր փաստաթղթեր՝ հավաքված տարբեր աղբյուրներից և արխիվներից, որոնց մասին քչերն են տեղյակ: Այդ փաստաթղթերում բնութագրվում է նաև քրդերի դերը և դիրքորոշումը հայկական կոտորածների ժամանակ:

Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»

Scroll Up