«Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ազդեցությունը կունենա արաբական որոշ երկրների վրա». Միշել Հաննա ալ-Հաջ

ahewar.org կայքը ներկայացնում է  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով արաբ լրագրող Աթա Դարղամի հարցազրույցը՝ ռազմական թղթակից, հորդանանցի քաղաքական մտածող Միշել Հաննա ալ-Հաջի հետ:

ստ Ձեզ, աշխարհը ինչպե՞ս է ընկալելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի իրողությունը: Կարծում եք Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը:

-Չեմ կարծում, որ Թուրքիան ինքն իրեն կամ Օսմանյան իշխանությանը պատասխանատու կհամարի հայերի նկատմամբ կատարված նախճիրի հարցում, քանի որ այժմ իսլամական կուսակցություն է իշխում երկրում:

-Արդյո՞ք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած ներողությունը կարելի է համարել 1915 թ. հայերի ջարդերի պաշտոնական ճանաչում Թուրքիայի կողմից, թե պարզապես այդ հարցը շրջանցելու միջոց է:

-Էրդողանի ներողությունը երբեք չի համարվում ճանաչում կամ հայերի դեմ կատարվածի բավարար դատապարտում: Սակայն կարծում եմ, որ այս հարցը այլ ընթացք կստանա, երբ այժմյան իսլամական իշխանությունը փոխարինվի աշխարհիկ իշխանությամբ: Գուցե եւ այդ ժամանակ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հարկ եմ համարում նշել, որ թուրքերը արաբների նկատմամբ չորս դար շարունակ կրոնական քողի տակ եւս ջարդեր են կազմակերպել:

-Եթե Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդառնա՞ Եվրամիության անդամ:

-Ենթադրում եմ՝ ոչ: Եվրամիության բոլոր երկրները աշխարհիկ հայացքներ են քարոզում, մինչդեռ Էրդողանը կրոնը ընդունում է որպես իշխանության հիմք: Առավել եւս այն, որ բոլոր եվրոպական երկրներում պաշտոնափոխության գործընթացը ընթանում է իր նորմալ հունով, մինչդեռ Էրդողանը ցանկանում է չարաշահել վարչապետի իր պաշտոնը: Ըստ Թուրքիայի սահմանադրության նա չի կարող երրորդ ժամկետն անցկացնել նույն պաշտոնում, այդ իսկ պատճառով փորձում է վերափոխել սահմանադրությունը՝ ավելացնելով նախագահի լիազորությունները եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին: Այսպիսով, նա մենաշնորհում է այդ պաշտոններին օրենքով սահմանված լիազորությունները:

-Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարո՞ղ է խթան հանդիսանալ այլ արաբական երկրների համար, որպեսզի նրանք նույնպես ճանաչեն այդ եղեռնագործությունը, հաշվի առնելով այն, որ Եգիպտոսը քաղաքականապես ծանրակշիռ երկիր է:

-Ամենայն հավանականությամբ Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ազդեցությունը կունենա որոշ արաբական երկրների վրա: Աստված ողորմի բոլոր հայ, ինչպես նաեւ պաղեստինցի նահատակներին: Հայերը առաջին աշխարհամարտի զոհերն էին, իսկ պաղեստինցիները երկու աշխարհամարտերի զոհն են: Առաջարկում եմ հայերին եւ պաղեստինցիներին միահամուռ ուժերով ստեղծել միություններ, որոնք կներկայացնեն համայն աշխարհին երկու ազգերի Դատը՝ պահանջելով արդարություն:

Թարգմանությունը՝ «Հայերն այսօրի»

Scroll Up