Առաջիկայում կհայտարարվի մարդասիրությանը նվիրված նոր նախագծի՝ 100 LIVES-ի մեկնարկը
«Արմենպրես»-ը զրուցել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև:
-Պրն Գևորգյան, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրերը թեև հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, բայց հիմնադրամը նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներ և ծրագրեր է նախատեսում իրականացնել: Այս հարցազրույցում կցանկանայինք անդրադառնալ հատկապես դրանց: Կմանրամասնեք՝ ի՞նչ կարևոր միջոցառումներ են ծրագրվում տարվա ընթացքում:
– «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն, իսկապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված տարբեր ծավալի և բովանդակության մի շարք միջոցառումներ է իրականացնում՝ սկսած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցության ցուցաբերումից մինչև Դիլիջանի քոլեջում անվանի պատմաբանների և ցեղասպանագետների դասախոսությունների կազմակերպում:
Դիլիջանի քոլեջում, ինչպես տեղյակ եք, դասախոսությունների շարքն սկսեց Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակ Յաիր Աուրոնը: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի հայտնի այլ գիտնականների: Ընդհանուր թեման վերաբերելու է մարդասիրությանը, կարծում ենք, սա իսկապես օգտակար կլինի այնտեղ ուսանող պատանիների և երիտասարդների համար:
Հիմնադրամը նաև աջակցություն է ցուցաբերել «1915» ֆիլմի նկարահանմանը, որի պրեմիերան, եթե չեմ սխալվում, նախատեսվում է ապրիլին: Թեև, ինչպես նշեցիք, IDeA-ն հիմնականում տարածաշրջանների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում, բայց հումանիտար և համահայկական ուղղությունը նույնպես կարևոր է հիմնադրամի համար, և մեր նախագծերից մեկը նվիրված է լինելու հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչվելու է 100 LIVES («100 կյանք»):
– IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այդ նոր ծրագրին, որի միջոցով հնարավոր կլինի երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած ազգերին ու կազմակերպություններին: Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակն ու էությունը, ե՞րբ եք նախատեսում մեկնարկել:
-100 LIVES նախագծի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերին՝ Նյու Յորքում: Նախագծի համահիմնադիրներն են IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ամերիկաբնակ հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:
Նախագիծը մի քանի կարևոր բաղադրիչ է ունենալու: Առաջինը՝ հինգ լեզվով նոր կայքի (www.100lives.com) գործարկումն է, որում տեղ կգտնեն ցեղասպանությունից փրկված հայերի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, այսինքն՝ հարյուր և ավելի կյանքերի փրկության պատմություններ, որոնք կներկայացվեն ողջ աշխարհին: Նախագծին կից ստեղծվել է հայտնի պատմաբաններից կազմված խորհուրդ, որն զբաղվում է պատմությունների մշակման և ճշգրտման աշխատանքներով, աշխարհում այդ պատմությունների հանրայնացման նպատակով ներգրավվել է նաև հանրային կապերի ոլորտում հայտնի միջազգային «Edelman» ընկերությունը: Բացի այդ, կայքի այցելուները նույնպես հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընտանիքների փրկության պատմությունները:
Մյուս բաղադրիչը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի թվայնացումն է: Նախատեսում ենք, որ կթվայնացվի տարբեր երկրների արխիվներում պահվող՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ավելի քան 600 հազար էջ փաստաթուղթ: Աջակցություն է ցուցաբերվում նաև Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացմանը. այդ նպատակով IDeA-ն արդեն երկու պրոֆեսիոնալ սքաներներ է նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին: Նախագծի մյուս՝ թերևս ամենակարևոր բաղադրիչի մասին կհայտարարվի արդեն ծրագրի շնորհանդեսի ժամանակ:
Բացի նշածս բաղադրիչներից, նախատեսվում է, որ կիրականացվեն նաև խորհրդանշական՝ երախտագիտության նախագծեր: Դրանք կլինեն տարբեր ծրագրեր՝ ուղղված այն կազմակերպություններին, համայնքներին կամ կիրականացվեն այն վայրերում, որոնք առնչություն են ունեցել Ցեղասպանությունից հայերի փրկության հետ:
100 LIVES նախագիծը նվիրված է 100-րդ տարելիցին, բայց, պետք է ընդգծել, որ այն ոչ թե ցեղասպանության, այլ վերածննդի մասին է: Երախտագիտության տուրք է ուղղված նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնելով՝ մեր ժողովրդին վերածնվելու հնարավորություն են տվել: