Հիշում եմ և պահանջում. Կոմիտաս (լուսանկարներ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/gomidas.jpg)
ՀՀ Լոռու մարզի Արևածագի միջնակարգ դպրոցում մարտի 2-ին տրվեց հայոց պատմության ամենաողբերգական և արնաթաթախ էջին՝ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ <<Հիշում եմ և պահանջում>> խորագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մեկնարկը, որը ձոնված էր <<ամենահայր >>, <<ամենահայ>> Կոմիտասին, ում մոգական երգն ու չափազանց հայկական ճակատագիրը հուզել և մշտապես փոթորկել են յուրաքանչյուր հայի մորմոքող սիրտ: Միջոցառման ընթացքում հնչեցին կոմիտասյան հանճարեղ գոհար-մեղեդիներ, որոնց ներքո աշակերտները ներկայացրին Կոմիտաս–մարդու, Կոմիտաս–խազագետի ոդիսականը՝ ընդհատված հատու, ցավոտ ու բռնի: Կոմիտասի բանաստեղծությունները, որոնք հնչում էին աշակերտների շուրթերից, նրա կենսասիրության և լուսավոր էության ծաղկահանդեսն էին: Միջոցառման վերջում մենապարով հանդես եկավ 6-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ոսկանյանը, ապա ներկաներին բաժանվեցին ինքնաշեն անմոռուկներ ու հուշաթերթեր: Դպրոցի տնօրեն Ա. Երիցյանը իր խոսքում քաջալերեց աշակերտների նախաձեռնությունը և կարևորեց թեմայի արդիականությունը: