Սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի 3 զինծառայողների

Սահմանին իրավիճակը լարված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը կրկնակի, եռյակի անգամ ավելացել են: Մամուլի քարտուղարն ասաց, որ հակառակորդի կողմից մի քանի անգամ իրականացվել են դիվերսիայի փորձեր, միայն մեկի դեպքում է հաջողվել մոտենալ մեր դիրքերին, բայց հայկական կողմը կարողացել է հետ շպրտել նրանց, արդյունքում ունենք երկու զոհ: Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ սադրանքից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների: Հայկական կողմը հրավիրում է միջազգային կառույցների ուշադրությունը եւ հիշեցնում, որ ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետեւանքների ողջ պատասխանատվությունը:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը եւ 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Scroll Up