Իրաքի տրանսպորտի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբեր Ալ-Զուբաիդին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, գրում է armeniangenocide100.org-ը:
Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Իրաքից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակությանն ուղեկցում էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը:
Իրաքի պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում, որտեղ ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը: