Անդրանիկի ստորագրությամբ հանգանակության կտրոններ՝ Ցեղասպանությունը վերապրածների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Andranik-hanganakutyun.jpg)
Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ-ում Զորավար Անդրանիկի ստորագրությամբ հանգանակության կտրոններ են թողարկվել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրապարակած «100 Իրապատում Հայոց ցեղասպանության մասին» գրքի նմուշներից մեկն էլ 1919 թ. վերջին ԱՄՆ-ում թողարկված կտրոնը` «Փրկության հանգանակություն» կենտրոնական հանձնախմբի կողմից, որը ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժինը, կտրոնի վրա գրված է. «Փրկութեան հանգանակութիւն Հայաստանի կարօտելոց»:
Կենտրոնում` օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Խրիմյան) դիմանկարը, որը կիսով չափ օղակած դափնեպսակին գրված է «Հայրիկ»: Նկարի աջ կողմում ԱՄՆ-ի, իսկ ձախում` Հայաստանի առաջին հանրապետության դրոշներն են: Կտրոնում գրված է նվիրատուի անուն-ազգանունը` Ստեփան Սողոմոնյան և հանգանակած գումարի չափը` 100 դոլար: Ստորին հատվածում հանձնախմբի նախագահ Անդրանիկ Օզանյանի և գանձապետ Կ. Մարգարյանի ստորագրություններն են:Կտրոնի աջ անկյունում նկարված է հայ կարիքավոր ընտանիք` հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը, ձեռքերն առաջ պարզած, հաց կամ փող է աղերսում: Ձախ անկյունում պատկերված է Հայաստանը` Արարատ, Սիփան լեռներով և Վանա լճով: