Մարսելի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը հիշատակելու որոշում կայացրեց

Փետրվարի 17-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդը որոշել է սատարել 1915 թվականի Հայոց Ցեղասպանության հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: Մարսելի քաղաքային խորհրդի նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Դիդիե Պարաքյանը ներկայացրեց «Քննարկումներ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ոգեկոչման առնչութեամբ», որն ընդունվեց միաձայն:

Այսպիսով, Մարսելը որոշեց նեցուկ կանգնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառումներին:

Ստորև ներկայացնում ենք Դիդյե Պարաքյանի խոսքը, որոշ կրճատումներով.

«Պարո´ն քաղաքապետ, 2015 թվականը առանձնահատուկ նշանակություն ունեցող տարի է` հիշատակելու 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունները: Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանություն, որը 1,5 միլիոն հայերի կյանք խլեց: 1915 թվականից սկսած` Մարսել քաղաքը ընդունել է Ցեղասպանության բազմաթիվ վերապրածների, որոնք այսօր հայկական Սփյուռքի մաս կազմող հզոր ներկայություն են: 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան հրապարակավ ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հակառակ պատմական ապացույցների, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց Ցեղասպանությունը, ենթակա է դատապարտման և հերքումը վիրավորանք է զոհվածների հիշատակին և նրանց ժառանգների արժանապատվությանը:

Նկատենք, որ Մարսելի հայ համայնքը օժանդակել է քաղաքի մշակույթի զարգացմանն ու մեր քաղաքի զարգացմանը: Մարսել քաղաքը և Հայաստանի մայրաքաղաք Երևանը հաստատել են զորավոր կապեր,: Երևանի հետ  1992 թվականին ստորագրվեց առաջին համագործակցության համաձայնագիրը, որը վերանորոգվեց 2013 թվականի հոկտեմբերին:

Այս ամենը մեզ քաջալերում են առաջարկելու քաղաքային խորհրդին ընդունելու այս բանաձևը»:

Լսելով զեկույցը` Մարսելի քաղաքային խորհուրդը որոշեց հիշատակել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Որոշեց ծրագրեր մշակել` ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև պայքարել ցեղասպանության ժխտման դեմ:

Գրիգոր Ամիրզայան

armenews.com

Scroll Up