Իրանի մեջլիսի հայազգի պատգամավորն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել երկրի նորընտիր նախագահին
Իրանի մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նրան է ներկայացրել երկրում փոքրամասնությունների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Թեհրանի հայկական «Ալիք» պարբերականը:
Փաթեթը ներառում է հոդված, որն ամփոփված է «Կրոնական փոքրամասնությունների համար հույս և համախոհություն» վերնագրի ներքո: Դրանում, մասնավորապես, ասվում է. «Իմ, իրանահայ համայնքի և կրոնական այլ փոքրամասնությունների անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում հոջա դոկտոր
Ռոհանիին նախագահի պաշտոնում իր արժանի ընտրության համար: Հուսով եմ, որ հեղափոխության վերջին երկու տասնամյակների փորձառությամբ կկարողանանք աշխատանքով, հնարամտությամբ, համախոհությամբ և համագործակցությամբ լավ պահեր պարգևել Իրանի մեծ ժողովրդին»:
Իր հոդվածի մյուս բաժնում հայազգի պատգամավորն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի սանձարձակություններին` նշելով, որ նման քաղաքականության պատճառն այն է, որ երկիրը ցանկանում է քողարկել սեփական պատմությունը:
Հոդվածի վերջում ներկայացված են իրանահայ համայնքի ակնկալիքները եւ պահանջները Իրանի նորընտիր նախագահից: Դրանք են` քաղաքական-հասարական տարբեր բնագավառներում կանանց դերակատարության մակարդակի բարձրացում, երիտասարդների դժվարություններին յուրահատուկ և գործնական ուշադրություն, կրոնական փոքրամասնությունների մշակութային, ուսումնական,
հասարակական ու բարեգործական կենտրոնների նկատմամբ բարոյական և նյութական հովանավորություն: Միաժամանակ դիմումի մեջ նշվում է, որ անհրաժեշտ է հետամուտ լինել, որպեսզի վերանան այն դժվարությունները, որոնք առկա են կրոնական փոքրամասնությունների հարցերով զբաղվող տարբեր պետական կառույցներում:
Ռոբերտ Բեգլարյանի ներկայացրած առաջարկների փաթեթում մեջ նաև ընդգծվում է, որ կրոնական փոքրամասնությունների շրջանում կան գիտական և մասնագիտական կադրեր, որոնք արժանի են ներգրավվելու իշխանական և վարչական բարձր մարմիններում` որպես տեղակալներ կամ խորհրդականներ: