«Եկել է վարչական միջամտությունների ժամանակը». Սուրեն Դանիելյան
Փետրվարի 21-ին Հայաստանում նշվում է Մայրենիի տոնը, որի առիթով «Հայերն այսօր»-ի թղթակից Կարինե Ավագյանը զրուցել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանի հետ:
– Ուրախ եմ` ի դեմս Ձեզ հանդիպել և զրուցել գործող մտավորականի հետ:
– Հետաքրքիր է… գործող մտավորական… Լա՛վ է ասված: Շնորհակալությո՛ւն:
– Այո՛, ասում եմ գործող մտավորական, որովհետև մեր օրերում գոյություն ունեն մշակութային չգործող շատ կառույցներ և մտավորականներ, ովքեր կան, սակայն չեն գործում: Փառք Աստծո, որ Դուք այդ սահմաններից դուրս եք և մայրենիի ու հայապահպանության նվիրյալներից եք: Պարո՛ն Դանիելյան, ըստ Ձեզ ի՞նչ ասել է լեզվի, մայրենիի տոն, ո՞վ է գաղափարի հեղինակը:
– Լեզուն մեր դիմագիծն է, և ես կարծում եմ, որ լեզվի տոն հասկացությունն ինքնին մեզ ավելի շատ տանում է միջազգային ճանաչված բառով ասած` շոուի, մինչդեռ լեզուն պիտի կրես քո մեջ. կարող է ընդհանրապես տոնը չլինել, բայց լեզվի զգացողությունը միշտ քեզ ուղեկից է: Ես շատ ուրախ եմ, որ Մայրենիի օրն ընդունվեց ՀՀ սփյուռքի նախարարի` Հրանուշ Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ, ջանքերով, և դա չողջունել, չենք կարող: Վերջին տարիներին արդեն ավանդույթ է դարձել այդ օրը հավաքվել Մատենադարանի սանդղակների վրա, զրուցել, ելույթներ ունենալ, «Մայրենիի դեսպան» կոչում տալ, լեզվի պահպանման նվիրյալներին, մտավորականներին խրախուսել, պարգևատրել: Սա մեր ժողովրդին համախմբելու քայլերից մեկն է. փա՛ռք ու պատիվ մեր Սփյուռքի նախարարությանը:
– Գաղտնիք չէ, որ հայոց լեզուն այսօր աղետալի վիճակում է. մայրենին աղավաղվում, գռեհիկացվում, կոտրատվում է թե՛ փողոցում, թե՛ տանը, թե՛ ուսումնական հաստատություններում, թե՛ հեռուստաեթերում… Ի՞նչ մեթոդներով կարելի է դիմագրավել այս ցավալի երևույթին:
– Վարչակա՛ն, միայն ու միայն` վարչական: Այս դեպքում ամեն մարդ իր խոսքի մեջ զգաստ կլինի, ուշադիր, զգոն ու հոգատար կլինի հայոց լեզվի հանդեպ: Հիրավի, հայոց լեզուն այսօր աղետալի վիճակում է, որի համար մեծ ցավ եմ ապրում:
– Մի քանի տարի առաջ հենց այս մտահոգությամբ զրուցել եմ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ, ով նույնկերպ պատասխանեց` ասելով, որ իրենց լիազորությունները սահմանափակ են… Ի վերջո, ո՞վ պետք է պատասխանատու լինի մայրենիի ներկայիս վիճակի համար:
– Բոլոր պատկան մարմինները` վերևից սկսած, ձևավորված համապատասխան հանձնաժողովները, մի քանի իրավասու նախարարություններ: Ի՞նչ կարող է անել Լեզվի պետական տեսչությունը, եթե մարդու «սրտին կպել է» Golden Palace-ը, mall-ը, market-ը, store–ը… Այո՛, պետք է ընդլայնել Լեզվի պետական տեսչության լիազորությունները, իրավուքնները, պետք է վարչական մեթոդներ, միջամտություն կիրառել: Ինչ վերաբերում է հեռուստաեթերին, ապա այն մեծ դերակատարում ունի լեզվի հարցում. քանի գնում, կործանվում է, խայտառակ լեզվական քաղաքականություն ունի: Նույնը չեմ կարող ասել Հանրային ռադիոյի մասին. այն շտկել է իր լեզվական քաղաքականությունը, շատ գրագետ զրույցներ եմ լսում ռադիոյով, իսկ հեռուստաընկերություններն ասես մեկը մյուսի հետ մրցում են, թե ինչ անեն, որ իրենց հերոսներն ավելի խոսակցական, ավելի գռեհիկ, ավելի փչացած բառապաշարով խոսեն: Հեռուստաընկերությունները ենթարկվում են հեռուստատեսության մասին օրենքին, այդ օրենքը պարտադրում է մարդկանց տալ տեղեկատվություն աշխարհի մասին, գրական-ճանաչողական լայն մտահորիզոն ձևավորել… Քանի՞սն են դա անում… Քանի՞ հեռուստաընկերություն է օտար լեզվով ֆիլմեր ցուցադրում: Հաղորդաշարերը պիտի լինեն կյանքից բխող, ուսուցողական, հայեցի: Պետք է գումարներ չխնայել. թո՛ղ տան հայերենի քաջիմացությամբ մարդկանց, և նրանք հրաշալի հաղորդումներ կպատրաստեն: Հեռուստա-ընկերությունների ժամերը կարելի է օգտագործել հայերեն սովորեցնելու համար և առաջին հերթին` արևմտահայերեն: Քանի՜ անգամ ենք դիմել արևմտահայերենով որևէ հեռուստաալիք ունենալու առաջարկով, խնդրանքով… Պե՛տք է լուրեր հաղորդել արևմտահայերենով, ֆիլմեր ցուցադրել, արևմտահայերենի ուսուցման դասեր կազմակերպել եթերում: Շատ անգամ ենք դիմել Կրթության և գիտության նախարարությանը, դիմել ենք` արևմտահայերենը դարձնելու պետական լեզվի երկրորդ բաղադրիչ, լայնորեն ներկայացնելու իբրև գրական հայերեն:
– Պարո՛ն Դանիելյան, գուցե Դո՞ւք լինեք նախակարապետն այդ գործի. հավաքեք մայրենիի հանդեպ ոտնձգությունների խնդրով մտահոգված մտավորականներին, Ձեր բանավոր ու գրավոր խոսքը հղեք պատկան մարմիններին…
– Կարծում եք` չե՞նք արել, ոչ մի օգուտ չկա, ոչ մեկին դա չի հետաքրքրում:
– Պարո՛ն Դանիելյան, խոսեցինք արևմտահայերենի ուսուցումը եթերով կազմակերպելու մասին, իսկ ճիշտ չի՞ լինի արևմտահայերենի ուսուցումը սկսել հենց դպրոցից:
– Շատ լավ հարց եք տալիս. գիտե՞ք, որ մեր «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը պատրաստել է արևմտահայերենի դասընթաց, որը գրել են ուշիմ, բանիմաց մարդիկ` Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը և Սորբոնի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Հիլդա Գալֆայանը: Համագործակցաբար պատրաստել ենք դասընթացներ. այդ ծրագրով քանի՜ ու քանի՜ դպրոցներ են առաջնորդվել: Ձեր խոնարհ ծառան և Քնարիկ Աբրահամյանն ավագ դպրոցների համար պատրաստել են Սփյուռքահայ գրականության դասագիրք: Ցավալի է, որ այսօր ամեն ինչ արվում է արևմտահայերենը հենց արևմտահայի շուրթերից դուրս մղելու… Եթե արևմտահայն ապրում է Ֆրանսիայում, ապա վաղը ֆրանսահայը դառնալու է ֆրանսիացի, ամերիկահայը` ամերիկացի, արգենտինահայը` արգենտինացի, արաբախոս հայությունը` արաբ… Արդեն այս ընթացքի մեջ ենք, և դա շատերին դուր է գալիս… Եվ, վերջապես, ամենատխուր հետևությունը` մեզ այսօր ոչնչացնող գործոններից մեկը արևմտահայ և արևելահայ լեզուների մրցակցության մեջ կողմնորոշվելու ապաշնորհությունն է. միշտ դեպի արևելահայ: Այսօր արևմտահայությունը, սփյուռքահայը գալիս է Հայաստան, իսկ մենք լեզվի պահանջը չենք դնում արմատապես. եթե Հայաստանի դպրոցներից գոնե մեկը փորձարարական իմաստով արևմտահայ լեզվով կրթական բազայի իրավունք չունի, ինչի՞ մասին է խոսքը… Քանի՜-քանի՜ օտար լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն… բարձրագույն կրթության իրավունք են տալիս մարդկանց… Ւսկ արևմտահայերենո՞վ… Դուք էլ բանասեր եք, սիրելի՛ տիկին Ավագյան, պետհամալսարանում այդ հինգ տարիների ընթացքում կարո՞ղ եք ասել, թե ինչ ժամաքանակով եք անցել արևմտահայերենը. մեկ կիսամյակ, չէ՞… Սա արդեն վերաբերմունք չէ, և եթե Դուք տիրապետում եք արևմտահայերենին, դա, այո՛, ինչ-որ տեղ Ձեր ընդունակությունների և ախշատասիրության մենաշնորհն է, ոչ թե մեկ կիսամյակի դասընթացի… Մենք իրականում անտարբեր ենք արևմտահայերենի նկատմամբ, մենք պետք է արևմտահայ մշակույթը պահպանենք, մենք գնում ենք արևմտահայ մշակույթը մեր գիտակցության շերտերից դուրս նետելու ճանապարհով. սա սխալ քաղաքականություն է: Եկել է այս հարցում վարչական միջամտությունների ժամանակը, պետք է գործնական ծրագիր ունենալ և գործնական քայլեր կատարել: Ժամանակին Մանկավարժական համալսարանում հայերենի ուսուցիչների համար մենք իրականացնում էինք արևմտահայերենի ծրագրեր. մոտ 600 ուսուցչի վերապատրաստել ենք մեկ ամսում` արևմտահայ լեզու, գրականություն, պատմություն… Շատ հիմնահարցեր ենք լուծել, մեծ հաջողություն կար, սակայն դուր չեկավ դա որոշ մարդկանց քիմքին, փակեցին: Մանկավարժական համալսարանում ես դասախոսում էի Սփյուռքահայ գրականություն. մի արևոտ օր ինձ ասացին, որ այդ առարկան հանում են… Ես, իհարկե, համառեցի…
– Պարո՛ն Դանիելյան, փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի տոնը, բայց բոլորը չէ, որ գիտեն այդ տոնի մասին, ինչպե՞ս անել, որ այն ավելի մեծ հնչեղություն ունենա:
– Տոն բառից է պետք հրաժարվել և անվանել Մայրենիի օր, Պատասխանատվության զորացման օր: Երբ տոն ենք ասում, ի՞նչն ենք տոնում, նվաճում ունե՞նք… ո՛չ, խեղճացե՞լ ենք, այո՛… Խեղճացման տո՞նն ենք նշում: Այդ օրը նույնիսկ մեդալներ պետք չէ տալ, անգամ կարելի է հակառակն անել` հեռուստատեսությամբ նշել այն հաստատությունների, կառույցների, անհատների անունները, որոնք ամեն ինչ անում են մայրենին ոչնչացենլու, մոռացնել տալու համար` սկսած Golden Palace անվանման ջատագովներից մինչև մտավորականների այն փաղանգը, ովքեր իրենց երեխաներին տարիներով ուղարկում են սովորելու արտերկրում` երկար ժամանակով կտրելով նրանց հայկական միջավայրից, մայրենի լեզվից:
– Լեզուն կարո՞ղ է ապրելու միջոց լինել:
– Ո՛չ: Կարծում եմ`, գիտեք, թե որքան են վաստակում հայոց լեզու և գրականություն դասավանդողները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Կործանարար քայլերից մեկն էլ կրթական առարկայական ճանապարհին ծրագրերի բացակայությունն է: Վարչական քայլերից մեկն էլ պետք է լինի հայերենի մասնագետներին առավելություն տալը:
– Ո՞րն է մեզ համար ամենակարևոր խնդիրը լեզվի առումով:
– Մեր գլխավոր խնդիրը նախ` հային հա՛յ պահելն է, արևմտահային` արևմտահայ, արևելահային` արևելահայ: Արևտմահայերենը մեր հարստությունն է, մեր պատուհանը: Իսկ ինչպե՞ս պահել այն` վարչական ճանապարհով, դպրոցներ բացելով: Թո՛ղ կարդան Կոստան Զարյանի նկարագրությունը արևմտահայերենի մասին:
«Ւ՜նչ գեղեցիկ է, ինչքան ճկուն է պոլսահայերէնը (արևմտահայերենը): Թեթեւ է, վերասլաց, ջութակի սուր ձայների նման թրթռում է, գեղեցիկ կնոջ ոսկեթել հիւսուած շղարշ, որի վրայ լուսինը թիթեռնիկներ է բանտարկել: Ածականները թիավարուող նաւակների նման առաջ են սահում, մինչ բայերը, գրեթէ անշարժ, գեղեցիկ ափից հեռացող տեսարաններ են դիտում… Նախադասութիւնը նուագաւոր է եւ ներդաշնակ: Նապոլիտեան երգի նման նա շունչ է առնում շրթունքների ծայրին, ոլորւում բերնի մեջ, պտտւում կոկորդի մօտմ շոյում առաստաղը եւ դուրս գալիս` ինչպէս թեթեւ հառաչանք»:
– Պարո՛ն Դանիելյան, երկար տարիներ դասավանդում եք, սովորեցրել ու ճանապարհել եք տարբեր սերունդների… Ո՞ր սերունդն է ավելի հայասեր, գրականասեր ու լեզվասեր եղել, ակնածանք ունեցել մայրենիի հանդեպ, պաշտպանել ու պահպանել այն:
– Անցյալ դարասկզբի սերունդը: 20-րդ դարասկիզբը մեր բանաստեղծության հրաշքն է` Տերյան, Թումանյան, Վարուժան, Ւսահակյան, Չարենց… Ես սերունդը ոչ թե կչափեի ուսանողի հոգեբանությամբ, այլ` դարաշրջանի դրվածքով: Հիմա մենք մեր հայացքները հառել ենք մեր անցյալին, մեր հարստությունն այնտեղ է, մենք ապագայից կարծես սպասելիք չունենք…
– Լեզվի այսօրվա նվաղումը, բնականաբար, կապված է նաև գիրք չկարդալու հետ. համամի՞տ եք:
– Այո՛, միանշանակ. դա էլ աղետ է: Չեն կարդում, չունեն բառապաշար, խոսում են աղքատիկ լեզվով` համեմված օտար բառերով ու բառակապակցություններով:
– Միայն մայրենին անաղարտ պահելն ու պաշտպանելը բավարա՞ր է արդյոք հայ մնալու համար:
– Ես կարծում եմ, որ մեր առջև պիտի խնդիր դնենք հայ մեծանալ, բայց դրա կողքին 50-60%-ով մարդու բարձրագույն չափանիշը մարդեղությունն է: Մենք հայերեն գրել ենք հենց մարդեղությունն ընդգծելու համար: Այսօր մեր գրականությունը նահանջում է, բայց մեր պահանջների մեջ մենք շատ հավակնոտ ենք… Իսկ ո՞ւր է մեր գրականությունը… Մեզ շատ լավ պատասխան տվեց համաշխարհային մեծություններից Ումբերտո Էկոն` ասելով. «Դուք երկաթգծի ճանապարհներին ընկել եք փակուղի. դուք էլ, ձեր հարևաններն էլ ընկել եք անդրկովկասյան փակուղի, ձեզ պետք է մայրուղի մտնել»: Մայրուղի մտնել ասելով` ես հասկանում եմ ճոխացնել մարդերգությունը, լավ գումարներ ծախսել լավ գրքեր հրատակելու, լավ թարգմանություններ անելու համար: Այսօր մենք դեռ նոր-նոր աշխարհի հզոր գրողներից մեկի` Ումբերտո Էկոյի «Վայրի վարդ»-ն ենք թարգմանում հայերեն: Լևոն-Զավեն Սյուրմելյանի «Ձե՛զ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» գիրքը 3-րդ տասնյակը օտարները թարգմանեցին, իսկ մեզ մոտ 80 թվականին նոր-նոր փորձեցին թարգմանել, ինչո՞ւ: Մենք հա՛յ մնանք, այո՛, հա՛յ գոռանք, այո՛, բայց մեր խանութները market ու store, mall կոչենք, մեր երեխաներին անվանենք օտար անուններով, սնապարծ լինենք, հոխորտանք ուրիշների վրա` դուք գիտե՞ք` մենք ով ենք, ի՜նչ հին ժողովուրդ ենք, բայց top ասենք, պռոյեկտ ասենք, ձյաձյա, տյոտյա ասենք… Հայոց խոսքը, հայոց գիրը, հայոց լեզուն բերկրանք է տալիս ինձ… Շատ հետաքրքիր մի բան ասեմ` արևմտահայերենում բաց վանկից հետո յ է գրվում` տղայ, արքայ… տատս ասում էր, որ այդ վերջին չարտասանվող յ-ն կնոջ փեշ է, որը փակում է բաց վանկը…
– Ասում են` հայոց լեզվով է խոսել Երկրի ու Երկնի Արարիչը, հայերեն են խոսել հեթանոս աստվածները, որ Լեոնարդո դա Վինչին գրել է հայերեն… Ընդունո՞ւմ եք, որ հայերենն է աշխարհի նախաստեղծ լեզուն:
– Կա սանսկրիտյան լեզու. մենք բոլորս եղբայրներ ենք, կարևորը, որ մեզ մեծ ընտանիքում տեսնենք. մենք շա՜տ լավն ենք, մենք փայլ ունենք, բայց պետք է աշխատենք այդ փայլն ավելի փայլեցնել, պահպանել մերը` հայկականն ու հայերենը և դրա հետ մեկտեղ մյուսների կողքին լինենք:
– Պարո՛ն Դանիելյան, շնորհակալությո՛ւն բովանդակալից ու շատ հետաքրքիր զրույցի համար:
Կարինե Ավագյան