Օտարները՝ Հայոց ցեղասպանության մասին. Պիեռ Քիառ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/0121.jpg)
«Հայերն այսօրը» շարունակում է ներկայացնել օտարազգի գրողների, հեղինակների վկայությունները Հայոց ցեղասպանության մասին:
Ֆրանսիացի բանաստեղծ, հրապարակախոս, հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Պիեռ Քիառը երկար տարիներ ապրել է Կ. Պոլսում: Ականատես է եղել 1895 -ի Կ. Պոլսի հայկական կոտորածներին: «Aurօre» թերթում հրապարակել է հոդվածաշար՝ «Մեծ մարդասպանը» խորագրով: 1903-ին նրա և դը Պրեսանսեի նախաձեռնությամբ Բելգիայում հրավիրվել է Եվրոպայի հայասերների առաջին վեհաժողովը, որի ժամանակ, բացի Պիեռ Քիառից ելույթներ են ունեցել դը Պրեսանսեն, Ժ. Ժորեսը, հայտնի արձակագիր տիկին Սևրին և ուրիշներ:
Ժողովի նախօրյակին Պ. Քիառը հրապարակել էր «Հայաստանի համար» գրքույկը, որտեղ նա բացահայտել է այն բազմազան վարչական և զինվորական միջոցները, որոնցով Թուրքիան վերջնականապես փորձել է բնաջնջել հայերին:
Ներկայացնում ենք Պիեռ Քիառի նամակը սուլթան Աբդուլ Համիդին («Դրօշակ», 1899, N 10, էջ 156) և հայությանն ուղղված ուղերձը (Եվրոպացիներու կարծիքը Հայկական դատի մասին», Բ տպագր., 1908, էջ 9-10):
ՆԱՄԱԿ ՄԵԾ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ
Ո՜վ դու Աբդուլ Համիդ.
Դու բարեհաճել ես հրաման արձակել, որ մեզ դատեն* Paris-en- Parisis պատվարժան ատյանում: Մենք երախտագետ ու պարտական ենք քեզ, որ հնարավորություն տվեցիր մեզ լիովին հրապարակել այն մարդասպանությունների և կոտորածների մասին, որոնց համար դու արդեն արժանացել ես կարմիր գազան անվանը: Չենք կարող մեզ ստիպել լռել քո այժմյան չարագործությունների մասին:
Դու քո դեսպանի բերանով հայտնում ես ամբողջ աշխարհին, որ քո աներորդի Մահմուդ փաշան խելագար է, որ նա փախցրել է իր կնոջ անչափահաս տղաներին և որ, վերջապես, խաբեությամբ փող է կորզել մի անգլիական ընկերությունից՝ ցույց տալով՝ իբր թե մեծ վարկ ունի քեզ մոտ:
Բոլորն էլ սուտ են, ո՜վ Համիդ. Մահմուդ փաշան խելագար չէ, նա պարզապես ազատամիտ է, նրա փախցրած անչափահասները երկուսն էլ ամուսնացած են և ընտանիքի հայր, իսկ ինչ վերաբերում է քեզ մոտ որևէ վարկ ունենալուն և դրանով պարծենալուն, նա այդ չէր կարող անել, դու շատ լավ դիտես, որ նա միակն էր քո աներորդիների մեջ, որ տարիուկես ի վեր չէր համաձայնում գալ սելամլիքներին, և որ նա իր այդ արիասիրտ բացակայությամբ բավական պարզ վկայում էր քո հանդեպ ունեցած իր արհամարհանքը: Մի ուրիշ բան ևս. Մահմուդ փաշան առաջինը չէ, որ փախչում է քեզանից: Քո զոհերից մի ուրիշն էլ է եկել Փարիզ՝ տիկին Ջեքիե հանըմը, որի ամուսինը՝ Իսմայիլ բեյը, յոթ ամիս առաջ բանտարկվել է, որովհետև բացահայտել է մարշալ Զերի փաշայի կաշառակերությունը: Երբ ֆրանսիական դեսպանատան թարգմանը միջամտեց և արդարություն պահանջեց, դու պատասխանեցիր. «Չեմ սիրում Ւսմայիլ բեյին»: Պատահաբար այդ անգամ դու ճիշտ խոսեցիր, դու գերադասում ես Զեքի փաշային՝ վարձկան մարդասպանին, որ վերջերս ավերեց Սասունը և Գելիե- գուզանում՛ երկու հարյուր անզեն հայերի քշեց նրանց համար պատրաստված փոսը: Զեքին նրանց հրապուրել էր խոստումներով և ապա հրամայել զինվորներին նրանց կոտորել սրերով ու սվիններով: Դարձյալ մի ուրիշ բան. Դիբրացիք Մակեդոնական սարերում ապստամբում են, միգուցե ինչպես 1879-ին, ուղարկես նրանց դեմ մի ամբողջ զորաբանակ, ջնջես նրանց կամ կալանավորես նրանց պետերին, ինչպես արեց այն ժամանակ Դերվիշ փաշան: ժամանակը ամենևին հարմար չէ այդպիսի գործերի համար, բանդ բուրդ է, բարեկամ, մուսուլման հպատակներիդ համար էլ նույնքան անտանելի, նույնքան զզվելի ես դարձել, որքան քրիստոնյա հպատակներիդ համար:
Վերջապես, հուրախություն քեզ՝ Վանում և շատ այլ վայրերում սովը ավելի խիստ, քան անցյալ տարի, վերջացնում է քո ավերման գործը: Ես դրա մասին կխոսեմ մի ուրիշ անգամ, և դու իզուր աեղր չես սպասի, կարող ես բոլորովին վստահ լինել ինձ վրա, որովհետև ես միշտ աշխատում եմ լինել բարեխիղճ պատմագիրը քո արյունաշաղախ անասնության:
ՈՒՂԵՐՁ ՀԱՅԵՐԻՆ
Աբդուլ Համիդ Կարմիր գազանն իր կայսրության բոլոր ցեղերին ճնշում է մի գարշելի կեղեքումով, բայց իր վայրագությունները մասնավոր կերպով ի գործ է դնում հայերի վրա:
Հակառակ ջարդերի, խմբովին բանտարկության և տարագրությունների, կազմակերպված սովի, անթիվ հալածանքների, դուք վճռել եք չդադարեցնել կռիվը այդ մարդու դեմ, ով իր հպատակների համար ոչ մի ուրիշ հույս չի թողնում բացի հեղափոխությունից:
Քաղաքակիրթ կոչված ժողովուրդների կառավարությունները եղան ձեր դահճի մեղսակիցն ու ծառաները՝ իբրև վարձ ստանալով առևտրական արտոնություններ ու շքանշաններ: Այդ բոլոր երկրների մեջ ձեզ թև ու թիկունք են սրտի մարդիկ և հեղափոխականները, ովքեր մերժում են մասնակցել իրենց տեր ու թշնամի վարիչների պաշտոնական խաղք֊խայտառակ գործերին:
Մենք մեր բոլոր ուժերով ձեզ հետ և ձեզ համար պիտի շարունակենք Մեծ մարդասպանի դեմ կռիվը՝ խոսքով ու գրչով, իսկ երբ ժամը գա՝ նաև գործով:
Ես ձեզնից մեկն եղա այն օրվանից, երբ Արևելքում երկար բնակության բերումով ականատես եղա ձեր ժողովրդի նահատակությանը՛.
Վստա՛հ եղեք, որ ապագայում էլ չպիտի թերանամ մարդկային և հեղափոխական համերաշխության իմ պարտքը:
6 հոկտեմբերի 1899, Փարիզ
Հ.Գ. Նյութը վերցված է Ալբերտ Իսոյանի «Սեւ գիրք»-ից (Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին):