Շվեդիայի հայերն ու ասորիները խորացնում են համագործակցությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ

Հայ­ասորական հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, քանզի երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում դարձել են բազում ոճրագործությունների և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհը:

«Արմենպրես»­ ի փոխանցմամբ` այս մասին նշել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը` փետրվարի 8­ին ասորիների ազգային հերոս Նաում Ֆաիքի հիշատակի ոգեկոչման արարողությանն ունեցած ելույթի ժամանակ: Դեսպանն ընդգծել է, որ հայերն ու ասորիները նաև ամուր մշակութային կապեր ունեն: «Մի շարք ասորական հնագույն տեքստեր այսօր պահպանված են միայն հայերեն տարբերակով, իսկ մինչ հայկական այբուբենի ստեղծումը հայերը դարերով օգտագործել են ասորական այբուբենը»,­ նշել է նա: Սփյուռքի հայկական և ասորական համայնքները պահպանել և հարստացրել են իրենց հարաբերությունները` հատկապես Շվեդիայում, որտեղ երկու ժողովուրդների ազգային հիմնադրամները սերտորեն համագործակցում են Օսմանյան Թուրքիայում նրանց դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Համայնքների առաջնորդները հանձն են առել ավելի խորացնել այդ երկկողմ համագործակցությունը Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի տարում:

Scroll Up